Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը։

Քոչարյանն ու փաստաբանները ներկա չեն նիստին։

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։

Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության

2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը Քոչարյանին և մյուսներին առնչվող նոր որոշում կուղարկի դատարան