Հակակոռուպցիոնի նախագահին կառավարությունը կնշանակի տասնօրյա ժամկետում

Կառավարությունը տասնօրյա ժամկետում կորոշի, թե անցողիկ շեմը հաղթահարած երեք թեկնածուներից ով կզբաղեցնի կոռուպցիոն հանցագործություններ քննող Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի աթոռը: Թեկնածուները 5-ն էին, որոնցից 3-ը հաղթահարեցին մասնագիտական ու բարեվարքության քննությունը:

Հավակնորդներից մեկը՝ Գևորգ Քոչարյանը դատախազ է, Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է, իսկ Պետրոս Մարտիրոսյանը ղեկավարում է տեսչական մարմինների աշխատանքը: Անցողիկ շեմը չհաղթահարեցին նախկին դատախազ, փաստաբան Կարեն Բատիկյանն ու Հակակոռուպցիոնի քննիչ Արտաշես Մայիլյանը:

«Պարոն Պետրոս Մարտիրոսյանի մասով՝ ուժեղ կողմն այն է, որ ինքը ամեն դեպքում բավականին փորձ ունի տեսչական մարմինների հետ աշխատանքի: Պարոն Քոչարյանի մասով, ինձ թվում է, հիմնական ուժեղ կողմն այն է, որ ինքը չի վախեցել նույնիսկ ամենաթեժ ժամանակահատվածներում դե ֆակտո հետապնդում իրականացնել այնպիսի ազդեցիկ մարդկանց մասով, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը, Սյունիքի նախկին մարզպետը, Սերժ Սարգսյանի եղբայրը և այլն», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվել է մրցութային խորհուրդ, որի կազմում են նեկայացուցիչներ կառավարությունից, խորհրդարանից, Գլխավոր դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Բարձրագույն դատական խորհրդից, ինչպես նաև քաղհասարակությունը:

«Պարոն Արթուր Նահապետյանի մասով՝ բավականին ինձ դուր եկավ իր բարեվարքությունը, որովհետև ես ազնվությամբ ասեմ՝ մենք իր մասով բավականին շատ տեղեկություններ ենք փորձել ման գալ, ստուգել ու որևիցե էական խնդիր չենք հայտնաբերել», - ընդգծեց Իոաննիսյանը:

Այս պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ: Թեկնածուներից և ոչ մեկը կոնկրետ չպատասխանեց լրագրողների հարցին, թե ընտրվելու դեպքում արդյոք իրենք էլ կենթարկվե՞ն SMS հորդորների:

«Էդ մասով մտավախություն չունեմ, քանի որ ոչ մի պաշտոն հավերժ չի»,- ասաց անցողիկ շեմը հաղթահարած Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը:

Նա Քննչականի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Քյարամյանը ևս պաշտոնը թողեց վարչապետի հորդորից հետո: Նահապետյանն ընդամենը երկու ամիս է, ինչ Քննչականում է աշխատում, մինչ այդ՝ 2023-ից վերաքննիչ հակակոռուպցիոնի դատավոր էր: Վստահեցրեց, շահերի բախում չի լինի, եթե Հակակոռուպցիոնի ղեկավարի պաշտոնում քննի նախկին գործընկերների գործերը:

Անցողիկ շեմը հաղթահարած հաջորդ թեկնածուն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննող ավագ դատախազ Գևորգ Քոչարյանն է: Դատախազը երեկ պարզաբանեց, թե ինչու են ուշանում դատարանի որոշումները:

Քոչարյանը երեկ պարզաբանեց նաև, թե այդ ինչ քրեական գործ է եղել, որով նրան կասկածել են 44-օրյա պատերազմին մասնակցելուց խուսափելու համար: Ասաց՝ գործը կարճվել է, հետապնդում չի հարուցվել, քանի որ կասկածները փարատվել են: Պատմեց, որ ինքը պատերազմի առաջին օրերին մեկնել է ռազմաճակատ. - «Հանձնաժողովի կողմից նաև հաստատվել է, որ ես ի սկզբանե պիտանի չէի զինվորական ծառայությանը»:

Անցողիկ շեմը հաղթահարած երրորդ թեկնածուն տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն է. - «Ես ուզում եմ էդ կառույցի ղեկավարը դառնամ, որովհետև վստահ եմ, որ ես կարամ աշխատեմ էդ կառույցում»:

Մարտիրոսյանին սուր հարցեր տվեց քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը. - «Դուք որպես դատախազ էդ խախտումները չէի՞ք տեսել, թե՞ տեսել աչք եք փակել, էդ ո՞նց է եղել»:

Հիշեցրեց սպանության մի քրեական գործ, որի միակ մեղադրյալն ընդդեմ Հայաստանի հաղթել է ՄԻԵԴ-ում: Նա սկզբում դատապարտվել, հետո արդարացվել էր, իսկ Մարտիրոսյանն այդ ժամանակ Լոռու մարզի դատախազն էր, որտեղ էլ տեղի էր ունեցել 15-ամյա պատանու սպանությունը:

«Երեք դատավորով որոշեցին, որ ամեն դեպքում արդարացվածը մեղավոր է: Էդ օրվանից մինչև վերջին հրապարակումը ես այլևս գործին առնչվող որևէ բանի չեմ մասնակցել», - ասաց Մարտիրոսյանը:

Անցողիկ շեմը չհաղթահարած երկու թեկնածուներն, ի տարբերություն մյուս երեքի, կոռուպցիայի հանձնաժողովի կողմից բարեվարքության բացասական եզրակացություն էին ստացել: Փաստաբան Կարեն Բատիկյանն, օրինակ, այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ որդին մեկ տարվա ընթացքում 7 անգամ տուգանվելուց հետո շարունակել է մեքենա վարել առանց վարորդական իրավունքի:

Հակակոռուպցիոն կոմիտեում այժմ քննիչ աշխատող Արտաշես Մայիլյանի բարեվարքութնյունը ևս բացասական է գնահատվել, քանի որ ըստ հանձնաժողովականների՝ ժամանակին արդյունավետ չի քննել ոստիկանական բաժանմունքում քաղաքացու խոշտանգման գործը, ինչի հետևանքով ոստիկանները չեն պատժվել: Երեկ Մայիլյանը պնդել էր, թե սխալ թույլ չի տվել: Ի դեպ, Հակակոռուպցիոնի այս քննիչն էր քննում վառելանյութի յուրացման գործով երրորդ նախագահի գործը: Առաջին ատյանի դատարանը, սակայն, արդարացրեց Սերժ Սարգսյանին՝ հերքելով քննիչի հավաքած ապացույցների արժանահավատությունը: