Գյումրվա փրայմըրիզը նոր կրքեր է բորբոքել։ Վարչապետի երեկվա հայտարարությունից հետո քաղաքում անորոշություն է. գյումրեցիները փորձում են հասկանալ՝ այդ ի՞նչ ընտրություններ են, և իրենք ինչպե՞ս են մասնակցելու դրանց։
«Փրայմըրիզը՝ նախնական ընտրությունները, տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին,10-ին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Գյումրիում տասն օրից տեղի կունենան քաղաքապետի պաշտոնակատարի ՔՊ-ական թեկնածուի նախնական ընտրություններ, կամ ինչպես վարչապետը բնորոշեց՝ փրայմըրիզ:
Փաշինյանը պնդեց, թե Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար ինքը ստիպված է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, բայց դրա համար նախ պետք է օրենքը փոխել, որ ինքը նման լիազորություն ստանա, իսկ դրանից հետո արդեն կանցկացնեն նախնական ընտրություններ։
«Եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ», - ասաց վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններԳյումրիի քաղաքապետն ու իշխող «Բալասանյան» դաշինքն անցած ամիս ողջ կազմով մանդատները վայր դրեցին, ինչից հետո Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի ընտրության անհաջող փորձերից ու նարկոլոգիական ոդիսականից հետո ի վերջո Փաշինյանը կանգ առավ փրայմըրիզի տարբերակի վրա:
«Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների շրջանակից, որպեսզի առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, աստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու», - ասաց վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պարտադրանք չի եղել, ես եմ առաջարկել». Կարեն Սարուխանյանը՝ թմրանյութերի թեստ հանձնելու մասին
Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս են դեկտեմբերի 8 -ին, 9-ին և 10-ին կայանալիք նախնական ընտրություններում ընտրելու Գյումրու ժամանակավոր քաղաքապետին։
Փաշինյանը շատ փակագծեր չբացեց, բայց և նշեց, թե գյումրեցիները պատահականության սկզբունքով կմասնակցեն այդ ընտրություններին: Թե ինչպես է այդ պատահականությունը որոշվելու, պարզ չէ։
«Մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն, և քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում», - նշեց վարչապետը:
Այն, որ քաղաքապետի պաշտոնակատարի քվեարկությանը պատահականության սկզբունքով կմասնակցեն ոչ միայն ՔՊ-ականները, այլև՝ շարքային գյումրեցիները, այսօր խորհրդարանում վստահեցրեց նաև ՔՊ վարչության անդամ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հիմա ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, իհարկե, բացարձակ լիազորություն ունի հանրապետության վարչապետը, բայց մենք ուզում ենք նշանակենք այն մարդուն, ում որ գյումրեցիները կցանկանան տեսնել։ Գյումրեցիները կկարողանան, մեզ սիրող, չսիրող, համախոհ, ոչ համախոհ, բոլորը կկարողանան և իրավունք կունենան իրենց կարծիքը արտահայտել։ Մեխանիզմի մասին առաջիկայում կիմանաք», - ասաց Պապոյանը:
Ընդդիմությունից շտապում են արձագանքել՝ իրենց համար ընդունելի չեն Փաշինյանի առաջարկած փրայմըրիզն ու ՔՊ-ականին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը:
Ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը կարծում է, որ այս քայլով Գյումրիում իշխանություն չունեցող «Քաղաքացիական պայմանագիր»-ը մի խնդիր է լուծում՝ վարչական լծակները պաշտոնակատարի միջոցով իրենց ձեռքում կենտրոնացնել և հետագայում քաղաքապետի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի օգտագործել։ Այդ նույն մեխանիզմը, ըստ Մալխասյանի, ՔՊ-ն կիրառեց Անի համայնքում. - «ՔՊ-ի թեկնածուին, իրենց թեկնածուին բերում նշանակում են պաշտոնակատար, որ ինքը գա, իր ռեսուրսները, այդ համայնքի ռեսուրսները օգտագործի իր ընտրությունները կազմակերպելու համար»։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը շեշտում է՝ եթե Փաշինյանի նպատակը քաղաքի վարչական լծակներն իր ձեռքը վերցնելը չէ, ապա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար թող նշանակի մեկին, որը ՔՊ-ի թեկնածու չէ։
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ ժողովրդավարության շղարշի ներքո իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իրենք այնքան ժողովրդավար են, որ անգամ իրենց թեկնածուին ընտրելիս ժողովրդից կարծիք են հարցնում, բայց իրականում լուծում են ընտրություններում վարչական լծակի օգտագործման հարցը:
Վարչապետ Փաշինյանի՝ փրայմըրիզ անցկացնելու որոշմանն առաջիններից արձագանքել է ՔՊ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը։ Մեկ ամիս առաջ, երբ Գյումրին մնաց առանց կառավարիչների, ՔՊ-ականները վստահեցնում էին, թե հենց Սարուխանյանն է իրենց թեկնածուն։ Թմրանյութերի օգտագործման հրապարակումներից հետո շուրջ 20 տեսակի թմրանյութերի թեստ հանձնած ու կախվածության մասին պնդումները հերքող Սարուխանյանն առայժմ չգիտի՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ։ Շատերի օրինակով, նա ևս դեռ չի պատերացնում՝ Փաշինյանի առաջարկած Գյումրվա փրայմըրիզը իրենից ինչ է ներկայացնում։