Իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ երեկոյան իր աշխատասենյակում վարչապետի հրավիրած հրատապ նիստն այս օրակարգով է եղել։
«Դե, կարծում եմ, որ կարող է նոր ընտրություններ տեղի ունենան, պատրաստվում ենք այդ տարբերակին: Եթե նման բան տեղի ունենա, այսինքն՝ էնտեղի գոյություն ունեցող ավագանիները որոշում կայացնեն մանդատները դնեն, կամ մարդ չկարողանան ընտրել իրենց բանից [քաղաքապետ՝ ավագանու կազմից. - խմբ.], ամենայն հավանականությամբ ընտրություններ տեղի կունենան», - ասաց Սիմոնյանը:
Երրորդ օրն է՝ տեղեկություն կա, որ ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ պատրաստվում է վայր դնել մանդատները։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը, քաղաքապետի գլխավորությամբ, վայր կդնի մանդատները«Ես Բալասանյանի գույքի նկատմամբ և որևիցե քրեական գործի վերաբերյալ որևիցե մեկնաբանություն չեմ ուզում արած լինեմ, առավել ևս, որ որևիցե ինֆորմացիայի չեմ տիրապետում», - նշեց ԱԺ նախագահը:
Ըստ իրավապահների՝ Գյումրիի պատմական Սև բերդի հարակից հողերը Սամվել Բալասանյանի ղեկավարման տարիներին կեղծիքներով օտարվել են, որ դառնան կրտսեր Բալասանյանի սեփականությունը։
Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից հրաժարվող «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դնելու պատճառների մասին մի քանի օր է չի խոսում, համայնքի ղեկավարն էլ, որ Սամվել Բալասանյանի ազգականն է, ոչինչ չի ասել։
Ավագանու Հանրապետական խմբակցությունից են կարծիք հայտնել։ Ըստ Նարեկ Միրզոյանի՝ քաղաքական ու իրավական գործընթացները միախառնվել են, ինչից համայնքն է տուժելու։
«Այստեղ իրավական գործընթացը ոնց որ թե խառնվել է քաղաքական պրոցեսների հետ, և մենք էլ, ցավոք, լուրջ մտահոգություններ ունենք էն առումով, որ էստեղ ժողովրդավարությունն է տուժում, համայնքի, քաղաքացու տված քվեն է տուժում, և իրականում համայնքը կանգնած է լրջագույն խնդրի առջև», - «Ազատության» հետ զրույցում նշեց Միրզոյանը:
Բալասանյանների նկատմամբ քրեական վարույթին հաջորդած զարգացումներն ու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական տրամադրություններն ի՞նչ են նշանակում։ Արդյո՞ք ճնշում են գործադրում, որ հերթական ընտրություններից մոտ երկու տարի առաջ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունը հաստատվի նաև Հայաստանի երկրորդ քաղաքում։
«Եթե իշխող ուժը որևիցե տեղ ճնշեր, մենք հիմա բազմաթիվ բանտարկյալներ կունենայինք, հայտնի անուններ և դատական վճիռներ: Բարեբախտաբար՝ այդ բանը մնացել է անցյալում», - ընդգծեց ԱԺ նախագահը: - «Կոալիցիան, որը որ կար, փաստացի քանդվեց, և մենք չենք, որ մանդատները վայր ենք դնում»։
Թեև «Բալասանյան» դաշինքը մանդատները դեռ վայր չի դրել, «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն թեկնածուի հարցն էլ է երեկ հստակեցրել, արտահերթ ընտրության ժամկետն էլ:
«Երեկվա վարչության նիստի ժամանակ ենք հստակեցրել: Գյումրեցի է, մոտ ժամանակներս կիմանաք։ Ամենայն հավանականությամբ՝ դա, բնական է, կլինի եկող տարվա երկրորդ կեսերը», - նշեց Ալեն Սիմոնյանը:
Թեև խորհրդարանի խոսնակը հրաժարվեց քաղաքապետի թեկնածուի անունն ասել, բայց Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ ինքն է հնարավոր թեկնածուն:
«Այո, «Քաղաքացիական պայմանագիրը» ունի այդ մոտեցումը, որ տարածքային կազմակերպությունների ղեկավարները համարվում են տվյալ տարածքում քաղաքական թիմի լիդեր և նմանատիպ դեպքերում առաջնորդելու են քաղաքական թիմը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարուխանյանը:
2021-ի ավագանու ընտրություններում վարչապետ Փաշինյանի թիմը Գյումրիում պարտվեց։ «Բալասանյան» դաշինքի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, տասն ամիս առաջ խզեցին այդ հուշագիրը և դարձան ընդդիմություն։
Եթե «Բալասանյան» դաշինքի մոտալուտ հրաժարականից հետո Գյումրիի ավագանին իր կազմից չկարողանա համայնքի ղեկավար ընտրել, վարչապետը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի, Կառավարությունը՝ արտահերթ ընտրություններ կնշանակվեն, որոնք, ըստ ԱԺ նախագահի, կլինեն 2025-ի ամռանը՝ խորհրդարանական հերթական ընտրություններից մեկ տարի առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործովՔՊ Գյումրիի կառույցի ղեկավարը բացառում է Բալասանյանի որդուն առնչվող քրգործում քաղաքական ենթատեքստըԳյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներՁերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը