Գյումրիում Լոզանի Հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ է բացվելու

Շենքը Գյումրիի կենտրոնում, որտեղ նախատեսվում է բացել Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղը

Գյումրիում նախատեսվում է Լոզանի Հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ բացել: Զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխարհում լավագույններից մեկը համարվող բուհի մասնաճյուղը կգործի Գյումրիի կենտրոնում՝ նախկինում Շիրակի երկրագիտական թանգարանին և թիվ 1 պոլիկլինիկային հատկացված շենքում։

Կառավարությունն է այս շենքը համայնքին նվիրաբերել` պայմանով, որ այն տրամադրվի շվեյցարական դպրոցի մասնաճյուղին։ Ավագանին այսօր արտահերթ նիստում ընդունեց նվերը, որ հետո այն 50 տարի ժամկետով անհատույց վարձակալության հանձնի Հյուրընկալության դպրոցին։

Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց՝ պոլիկլինիկայի համար 30 տարով երկարաձգվել է անհատույց վարձակալության պայմանագիրը, այն կմնա իր տեղում, իսկ թանգարանին այլ շենք կառաջարկեն. - «Կուսումնասիրենք, կտեսնենք՝ որ գույքը որ հարմար կլինի Երկրագիտական թանգարանի տվյալ ունեցած օրինակների քանակի համար, և էդ շենքը կընտրվի, և էդտեղ էլ կիրականացվի»:

30 հազարից ավելի ցուցանմուշ ունեցող թանգարանը երբևէ շենք չի ունեցել, ցուցանմուշներն էլ հիմնականում ոչ թե ցուցադրվում են, այլ արկղերի մեջ են պահվում։ Շենքի նորոգման համար դրամահավաք կազմակերպվեց, նախագիծ կազմվեց, ու այդքանով ամեն ինչ սահմանափակվեց։ Իսկ այն վերանորոգելու համար 1 միլիարդ դրամից ավելի գումար էր պահանջվում։ Երկու տարի առաջ էլ որոշվեց, որ շենքը մեծ է Երկրագիտական թանգարանի համար, և մի հատված կառանձնացվի ու կտրամադրվի հարևանությամբ՝ վթարային շենքում գործող թիվ 1 պոլիկլինիկային։ Փաստորեն, ոչ Երկրագիտական թանգարանը, ոչ էլ թիվ 1 պոլիկլինիկան այլևս չեն տեղափոխվի քաղաքի կենտրոնում գտնվող այս շենք։ Շուտով նաև Երկրագիտական թանգարանի ցուցանակը կհանվի շենքի վրայից։

Լոզանի Հյուրընկալության դպրոցի Հայաստանի ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանն ավագանու անդամներին ներկայացրեց, որ երկու փուլով կիրականացվի մասնաճյուղի 3 միլիարդ դրամի ներդրումային ծրագիրը։

«Մեր կողմից եղավ առաջարկ Գյումրին, ինչու Գյումրին՝ որովհետև մենք ցանկանում ենք Գյումրին տեսնել իր պատմամշակութային արժեքներով՝ ավելի գեղեցիկ, ավելի զարգացած ու տուրիզմի ասպարեզում էլ ավելի հետաքրքիր բրենդ ձևավորելու համար», - ասաց Հակոբյանը:

Մինչ շենքը կնորոգվի, դասերը նախատեսում են 6-7 ամսից սկսել բարձր կարգ ունեցող հյուրանոցներում։ Ակնկալում են, որ Լոզանի «Հյուրանոցային կառավարման դպրոցի» Գյումրիի մասնաճյուղում 1000 ուսանող կսովորի։

«Ծրագիրը իրենից ներկայացնում է ունենալ դպրոց, ունենալ ռեստորանային փոքրիկ լսարաններ, որպեսզի սովորեցնեն մարդկանց սերվիսը՝ ինչպես մատուցել, և պետք է ունենանք հյուրանոցային համարներ: Հյուրանոցային համարները մոտավորապես, դպրոցը իր ծրագրով որ ուսուցումը պետք է կառուցի, մոտավորապես 1000 հոգի է՝ 1000 ուսանող ենք ունենալու, 1000 ուսանող՝ դա մոտավորապես 1000 սենյակ է Գյումրիում: Ծրագրի հենց նպատակը էդտեղից է գնում, որ սա կարող է մեծ թափ տալ տուրիզմի զարգացմանը հենց Գյումրիում», - նշեց Խաչիկ Հակոբյանը:

Լոզանի այս բուհում սովորելն էժան չէ, եվրոպական բարձր վարձավճարը Հայաստանի վրա չի տարածվելու։ Բայց դեռ վերջնական որոշում չկա, թե որքան կարժենա ուսումը, որը կարող է 3 ամսից մինչև 4 տարի տևել։ Առաջարկվեց, որ գյումրեցի ուսանողների համար սոցիալական բաղադրիչ կիրառվի։ Հակոբյանն անկեղծացավ, թե հիմա մենք պահանջողի դերում չենք. - «Մենք խնդրողի դերում ենք, որ Լոզանի համալսարանը գա էստեղ: Իսկ էդ ծրագիրը, որ Գյումրիում կլինի էսքանով զեղչ կամ ինչ, մենք պետք է դա փորձենք ֆոնդերով անել»:

Շենքի վերակառուցման նախագիծն ուղարկել են Լոզանի դպրոց հաստատման, եթե փոփոխությունների կարիք լինի, կփոխեն ու դրանից հետո նոր կսկսեն շինարարությունը։