Գյումրիի լաբորատորիայի սաները աղբը տեսակավորող ռոբոտ են ստեղծել

Գյումրու զարգացման լաբորատորիայի սաներն Իտալիայում անցկացված ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում բրոնզե մեդալ են նվաճել։

Սիլվին, Էլենն ու Մկրտիչը լաբորատորիայի մարզչի օգնությամբ աղբը տեսակավորող ռոբոտ են ստեղծել։ Առաջինը մեծ էր ու դանդաղ էր աշխատում։ Դիզայնը փոխեցին ու ավելի արագ աշխատող ռոբոտ ստեղծեցին։ Այս ռոբոտի գաղափարը 12-ամյա Էլենինն է։ Քաղաքի տարբեր հատվածներում աղբարկղերի մոտ կուտակված ու չտեսակավորվող աղբն է այդ մտքին հանգեցրել։

Սիլվին 9 տարեկանից է սկսել զբաղվել ռոբոտաշինությամբ։ Մի քանի տարի թիմով մի քանի ռոբոտ են հավաքել։ Դրանցից մեկն օրինակ՝ գյուղացու կյանքն է հեշտացնելու։

Թիմում միակ տղան Մկրտիչն է։ 14-ամյա պատանուն միշտ է հետաքրրքել ռոբոտաշինությունը։ Կարծում է՝ այն մարդկանց կյանքը հեշտացնում է։

Գյումրու զարգացման լաբորատորիայի մարզիչ Աշոտ Զիլֆիմյանը նկատել է՝ հատկապես պատերազմից հետո ռոբոտաշինության նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն կա։ Հիմա պահանջված մասնագիտություններից մեկն է դարձել։

Անդրադառնալով իր սաների պատրաստած ու միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած ռոբոտին՝ կարծում է՝ այն հնարավոր է կիրառելի դարձնել, նպատակ ունեն հենց Գյումրիից սկսել. - «Մեր քաղաքում տեղադրվեն այգիներում, օֆիսներում նման աղբամաններ, որ սկզբի համար տեսակավորի աղբը, բայց հետո պետք է, որ ուրիշ կազմակերպություններ կարողանան այս տեսակավորած աղբը տարանջատել և տանել վերամշակման»։

Գյումրու զարգացման լաբորատորիան 3 տարի առաջ է բացվել, այժմ 37 աշակերտ է հաճախում։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.