«Ազատության» տեղեկություններով` Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատները վայր է դնելու՝ հրաժարվելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից։
Բայց պատճառների մասին «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները հրաժարվում են խոսել, լուռ է նաև համայնքի ղեկավարը։ Դաշինքից փոխանցեցին, որ առաջիկայում հայտարարություն կտարածեն՝ կոնկրետ ժամկետ չհստակեցնելով։
Այս զարգացումը հաջորդում է անցած շաբաթ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու, Գյումրիի գործող ու նախկին փոխքաղաքապետերի ու ևս մեկ մերձավորի նկատմամբ հարուցված վարույթին։
Իրավապահները պնդում են, որ պատմական Սև բերդի հարակից հողերը հայր Բալասանյանի ղեկավարման տարիներին կեղծիքներով օտարվել են, որպեսզի ի վերջո դրանք դառնան կրտսեր Բալասանյանի սեփականությունը։
ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի է ենթարկվել։
Քրեական վարույթից հետո Գյումրիի քաղաքապետը, որ Բալասանյանի ազգականն է, առողջական խնդիրները պատճառաբանելով, հեռավար աշխատանքի անցավ։ Երեկվանից արդեն սկսեց շրջանառվել մանդատները վայր դնելու լուրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով«ՔՊ-ն ոչինչ չի արել, որ Գյումրիում տեղի ունենա իշխանափոխություն»
Անցած տարի «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիոն հուշագիրը խզած ու ընդդիմադիր դարձած «Քաղաքացիական պայմանագրից» համաձայն չեն, թե քրեական վարույթ հարուցելով Բալասանյաններին փաստի առաջ կանգնեցրին ու ստիպեցին, որ մանդատները վայր դնեն ու իշխանությունն ի վերջո փոխանցեն ՔՊ-ին։
Ավելի վաղ հենց ՔՊ-ի նախաձեռնությամբ Գյումրիի ավագանին դատարան էր դիմել՝ նախկին քաղաքապետերի օրոք օտարված համայնքապատկան գույքն ու հողերը քաղաքին վերադարձնելու պահանջով։
«ՔՊ-ն ոչինչ չի արել, որ Գյումրիում տեղի ունենա իշխանափոխություն: Ինչ վերաբերում է Բալասանյանների ձերբակալություններին կամ քրեական գործին, ապա դա խիստ ընդգծված իրավական գործընթաց է, և ես չեմ ուզենա, որպեսզի իրավական ու քաղաքական գործընթացները մենք նույնականացնենք: Դրանք տարբեր ուղղությամբ ընթացող երևույթներ են», - ասաց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:
Մինչդեռ ընդդիմադիր ՀՀԿ խմբակցությունում բոլորովին այլ կարծիք ունեն:
«Այստեղ իրավական գործընթացը ոնց որ թե խառնվել է քաղաքական պրոցեսների հետ, և մենք էլ, ցավոք, լուրջ մտահոգություններ ունենք էն առումով, որ էստեղ ժողովրդավարությունն է տուժում, համայնքի, քաղաքացու տված քվեն է տուժում, և իրականում համայնքը կանգնած է լրջագույն խնդրի առջև», - նշեց ՀՀԿ խմբակցությունից Նարեկ Միրզոյանը:
Ավագանու մյուս խմբակցությունները որևէ կերպ չեն մեկնաբանում իշխող դաշինքի մոտալուտ հրաժարականը՝ նշելով, որ քանի դեռ մանդատները վայր չեն դրել, գնահատականներ չեն ուզում տալ։ Իսկ գործընթացն արդեն սկսվել է, քանի որ ընտրատարածքային հանձնաժողով «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակում մնացած 6 անդամներից 4-ն արդեն ցուցակից դուրս գալու դիմում է ներկայացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավարը բացառում է Բալասանյանի որդուն առնչվող քրգործում քաղաքական ենթատեքստըՍա նշանակում է, որ ավագանի չանցած ընտրացուցակի համարները հրաժարվում են իրենց հաջորդական մանդատներից։ Իսկ մանդատ ունեցող ավագանու 14 անդամները պետք է դիմում գրեն համայնքապետին, վերջինս արձանագրություն կազմի ու այն ընտրատարածքային հանձնաժողով ուղարկի, ինչը, հանձնաժողովի ղեկավարի փոխանցմամբ, դեռ չի արել։
Երբ «Բալասանյան» դաշինքը հրաժարվի քաղաքի կառավարումից, Գյումրիում իրադարձությունները կարող են երկու սցենարով զարգանալ։ Գործող ավագանու 19 անդամներն իրենց կազմից կարող են համայնքապետի թեկնածու առաջադրել, նույնիսկ մի քանիսին։ Բայց գործը կարող է քվեարկության չհասնել, քանի որ քվորում ապահովելու համար առնվազն 17 անդամի ներկայությունն է պետք ապահովել։ Եթե քվորում ապահովվի, բայց քվեարկությանը խմբակցություններից որոշները չմասնակցեն, արդեն մեծամասնություն համարվող ՔՊ-ն իր 11 մանդատով Երևանի սցենարի կրկնությամբ կարող է համայնքապետ ընտրել։ Կուսակցությունից պնդում են, թե այս պահին դեռ համայնքապետի թեկնածուի հարց չեն քննարկել։ Մյուս ուժերն էլ դեռ որոշում չունեն՝ կմասնակցեն համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստին թե կբոյկոտեն, թեկնածու կառաջադրեն, թե՝ ոչ։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը ամեն դեպքում բացառեց ՔՊ-ի հետ համագործակցությունը։
«Մենք ի սկզբանե, նախընտրական փուլում ևս հայտարարել ենք մեր դիրքորոշումը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության եզրեր չունենք, այսինքն բացառել ենք համագործակցությունը և մեր դիրքորոշումն այդ առումով չի փոխվել: Իսկ ինչ մնում է մասնակցելուն կամ քվեարկությանն ընդհանրապես մասնակցելուն, այս պահին վաղ է գնահատականներ տալ, կսպասենք իրադարձությունների զարգացմանը», - ասաց Նարեկ Միրզոյանը:
Երկրորդ սցենարով եթե ավագանին չկարողանա համայնքի ղեկավար ընտրել, այն կլուծարվի, վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի, ապա արտահերթ ընտրություններ կլինեն։ 120 հազար բնակչություն ունեցող Գյումրին այն հատուկենտ համայնքներից է, որտեղ Հայաստանում իշխող կուսակցությունը իշխանություն այս պահին չունի։
Այսօր, ի դեպ, Կառավարություն - Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ են փորձում այլ համայնքների նման ճնշումների միջոցով իշխանություն նվաճել նաև Գյումրիում, վարչապետը պնդեց, թե ոչնչից տեղյակ չէ: