Գվինեայի ֆուտբոլային մարզադաշտում հրմշտոցի հետևանքով առնվազն 56 մարդ է մահացել

Գվինեայի հարավ-արևելքում գտնվող Նզերեկորե քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում հրմշտոցի հետևանքով առնվազն 56 մարդ է մահացել: Վնասվածքներ ստացած անձանց թիվը չի նշվում։

Հաղորդվում է, որ զոհվածների և վիրավորների թվում նաև անչափահասներ կան։ Մարզադաշտում անկարգություններ են սկսվել խաղի ընթացքում, երբ մրցավարը 11-մետրանոցի որոշում է կայացրել, ինչը թիմերից մեկի երկրպագուները անարդար են համարել և սկսել քարեր ու շշեր նետել դատավորի վրա, ապա ներխուժել ֆուտբոլի դաշտ։ Ոստիկանները կարգուկանոն հաստատելու նպատակով արցունքաբեր գազ են կիրառել, ինչն էլ ավելի է խորացրել քաոսը՝ մարդիկ փորձել են մարզադաշտը լքել բարձր ցանկապատերի վրայով ցատկելով։

Հաղորդվում է միջադեպից հետո տեղի հիվանդանոցների, դիահերձարանների գերբեռնվածության մասին։

Ողբերգական խաղն անցկացվել է Գվինեայի նախագահ Մամադի Դումբույայի պատվին կազմակերպվող ֆուտբոլի առաջնության շրջանակներում։ 2021 թվականին զինված հեղաշրջման արդյունքում իշխանության եկած նախագահին ընդդիմությունը մեղադրում է ֆուտբոլային մրցաշարը ընտրություններից առաջ սեփական քաղաքական հավակնություններին ծառայեցնելու, վարկանիշը բարձրացնելու համար։ Նախագահ Դամբույան արյունալի իրադարձությունները չի մեկնաբանել։