Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Կուրսկի ատոմակայան, հաղորդում է Financial Times-ը։
Վիենայում միջազգայաին կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը՝ Տելեգրամի իր էջում գրել է, որ Գրոսսիի այցն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շաբաթվա սկզին։
Ըստ Financial Times-ի՝ Գրոսսին ասել է, որ կհանդիպի կայանի ղեկավարների հետ՝ գնահատելու արտաքին էլեկտրամատակարարման և մուտքի ճանապարհներն՝ ընդգծելով, որ Ռուսաստանի տարածք ուկրաինական բանակի խորն առաջխաղացման արդյունքում կայանը հայտնվել է «հրետանու հասանելի հեռավորության վրա»։
ԱԷՄԳ-ի ղեկավարը մտահոգիչ է համարել ատոմակայանի մոտ ռազմական գործողությունները՝ նշելով, որ կայանը երկու ռեակտոր է շահագործում։
Անցած շաբաթ Մոսկվան Կիևին մեղադրել էր Կուրսկի ատոմակայանի վրա հարձակում նախապատրաստելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան կոչ էր արել ՄԱԿ-ին և ԱԷՄԳ-ին դատապարտել «սադրանքը», Պաշտպանության նախարարությունն էլ «պատասխան միջոցներով» էր սպառնացել։
Ուկրաինան պաշտոնապես հերքել է Ռուսաստանի մեղադրանքները՝ նշելով՝ «Ուկրաինան նման գործողություններ ձեռնարկելու ոչ մտադրություն ունի, ոչ էլ հնարավորություն»։ Կիևը կոչ է արել Մոսկվային՝ դադարեցնել «վտանգավոր ստերի տարածումը»։
Օգոստոսի 17-ին հեռախոսազրույց են ունեցել Գրոսսին և «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։ Լիխաչևը նրան հրավիրել է Կուրչատով քաղաք և Կուրսկի ԱԷԿ՝ անձամբ գնահատելու իրավիճակը։
Ուկրաինական բանակը Ռուսաստանի Կուրսկի մարզ է մտել օգոստոսի 6-ին։ Այդ օրվանից տարածաշրջանում մարտերը շարունակվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պնդում է՝ ետ է շպրտում ուկրաինացիներին ՌԴ տարածքից, իսկ Կիևը հայտարարում է նոր տարածքներ գրավելու մասին