Գրողների միության Երևանում ու Սևանում գտնվող շենքերը օրենքի խախտմա՞մբ են սեփականաշնորհվել. հարցով առաջին վճիռն՝ աշնանը

Գրողների միության շենքը Երևանում, արխիվ

Գրողների միության Երևանում ու Սևանում գտնվող շենքերը օրենքի խախտմա՞մբ են սեփականաշնորհվել, թե՝ ոչ, այս հարցով առաջին վճիռն աշնանը կլինի. Սևանի հանգստյան տան գործով դատաքննությունն արդեն սկսել է՝ գրավոր ձևաչափով, որոշումը նոյեմբերին կհրապարակվի, իսկ Բաղրամյան 3-ի հասցեի շենքի գործով առաջին նիստը 2025-ի տարեսկզբին է նշանակված։

Մինչ այդ Գրողների միությունից շարունակում են պնդել՝ նաև Կադաստրի կոմիտեն է հաստատում՝ շենքերի իրավունքի պետական գրանցումը տարիներ առաջ օրենքով է եղել։ Կառույցի նախագահը վերջերս կոմիտեից ստացած գրությունն է վկայակոչում։

«Այն նկատառումն է, որ օրինական ձևով է արված և այլն», - նշեց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Ամիսներ առաջ Գլխավոր դատախազություն էր դատարան դիմել թանկարժեք այս շենքերը պետությանը փոխանցելու պահանջով։

Իրավապահները հիմնավորում են, թե դրանք Հայաստանի սեփականության մասին 90 թվականին ընդունված օրենքով՝ պետական են համարվել, առանց պետության որոշման չէին կարող միության սեփականությունը դառնալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գրողների, նկարիչների միություններն ու պետությունը դատարանում կհանդիպեն թանկարժեք շենքերի հարցով

«Գույքը համարվում էր պետության սեփականությունը, որպեսզի այլ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ դառնար այս կամ այն գույքի սեփականատերը, պետք է պետությունը որևէ ձևով փոխանցեր՝ կա՛մ սեփականաշնորհման մասին օրենքի շրջանակներում մասնավորեցման, կա՛մ նվիրատվության, կա՛մ մեկ այլ տարբերակով, որը տվյալ դեպքում տեղի չի ունեցել», - ասաց դատախազության պետշահերի վարչության ավագ դատախազ Մանյա Գալուստյանը։

«25-30 տարի այս մարդիկ այդ իրավունքով աշխատել են, ներդրումներ են արել, պայմանագրեր են կնքել, աշխատանք է կազմակերպվել, վճարել են գույքահարկեր, էս են արել, էն են արել: Հիմա էդ ամենը առոչինչ է համարվելու և փաստորեն այսպես կանգնելու ես կոտրած տաշտակի առջև», - նշեց Էդուարդ Միլիտոնյանը:

Գրողների միության նախագահը թերահավատ է, թե դատարանը հօգուտ իրենց որոշում կընդունի, չնայած համոզված է՝ սեփականաշնորհման գործընթացում անօրինականություն տեղի չի ունեցել։ Կառավարությունից հնչած խոստումներին էլ չի վստահում, որ շենքերի պետականացումից հետո իրենք կարող են շարունակել գործունեությունը տեղում։

«Վարչապետը նշեց, որ հնարավոր է դրանք հատկացվեն նույն կազմակերպություններին, բայց սրանք բանավոր խոսքեր են, բնականաբար, կարող է մեկն էլ հետո գա, ասի՝ չէ, էդպես չի, այլ պետք է վճարեն մեզ, պետությանը, իրենց մնացած տարածքի համար, սրա համար, նրա համար», - ընդգծեց նա:

Պետությունը պահանջում է նաև Նկարիչների միությանն ու «Հայաստան» մարզական միությանը պատկանած «Սպարտակ» համալիրի տարածքն ու մյուս շենքերը։ Առայժմ գերատեսչությունից չեն պարզաբանում՝ արդյոք նման հայցեր պատրաստվում են ներկայացնել նաև մյուս միությունների դեմ։