Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վաչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Մինասյանն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, թե որոշել է ինքն էլ միանալ իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին:
«Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ», - գրել է Մինասյանը՝ շարունակելով․ - «Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին»:
Մինասյանը շեշտել է՝ Արդարադատության նախարարությունը քաղաքականություն մշակողն է և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը:
«Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք։ Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում», - եզրափակել է նախարարը:
Օրեր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ ստորագրահավաք են սկսել՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: Թե ինչից են հատկապես դժգոհ իշխանական պատգամավորները, ՔՊ-ականները չեն նշում, միայն կցկտուր խոսում են Մինասյանի կադրային քաղաքականությունից:
Սեպտեմբերի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության փոխնախարար էր նշանակվել Սիրվարդ Գրիգորյանը։ Սեպտեմբերի 26-ին նա հայտարարեց իր հրաժարականի մասին: Նրա նշանակումից անմիջապես հետո համացանցում նրա լուսանկարն էր տարածվել երկրորդ նախագահի դստեր հետ, Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքն էլ՝ ձեռքին:
Գևորգյանը Ֆեյսբուքում պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ կապ չունի։ «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: [...] Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ», - նշել էր Գևորգյանը:
Գրիգոր Մինասյանն էլ անդրադառնալով նորանշանակ փոխնախարարի հրաժարականին՝ Ֆեյսբուքում գրել էր, թե վերջին օրերին բազմաթիվ անգամներ է խնդրել Գևորգյանին հրաժարական չտալ: «Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը», - գրել էր Մինասյանը:
Թեև Գևորգյանը հրաժարական տվեց, բայց դրանից հետո էլ նախարար Գրիգոր Մինասյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագրի» միջև լարվածությունը չթուլացավ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խարդավանքներ» և «մանրախնդիր հարձակումներ». նախարարի և ՔՊ-ի միջև իրավիճակը լարված է մնում