Գուսանագյուղում մկները կոմբայնից շուտ են դաշտ մտել, հացահատիկը կրծել ու իրենց բներում ամբարել։ Վարչական ղեկավար Արսեն Հարությունյանն ասում է՝ գյուղի 600 հեկտար հողերից շուրջ 150-ում քաղ անելն այլևս իմաստ չունի։
Դաշտին մոտ քարերից մի քանիսը շուռ տվեցին գյուղացիները, ու բոլորի տակ մկների քաղած ցորենն էր։
Եղանակն այս տարի բարենպաստ էր, ու լավ բերք էին ստացել։ Հեկտարից ամենաքիչը 40 ցենտների ակնկալիք ունեին, բայց հիմա միջինը 18-20 ցենտներ են քաղում։
Գյուղացիները կրծողների դեմ 5-6 անգամ թունաքիմիկատներով պայքարել են, բայց օգուտ չի տվել։
Համլետ Հարությունյանն ասում է՝ եթե հողատարածքները ոռոգելի լիենին, մկներ էլ չէին լինի։ Ախուրյանի ջրամբարին մոտ են, բայց հողատարածքները ոռոգելի չեն։ Կապսի ջրամաբարը կառուցելուց հետո ակնկալում են, որ գոնե այդ ժամանակ իրենց դաշտեր ոռոգման ջուր կհասնի։
Մկների տված վնասը, ըստ գյուղացիների, ավելին է, քան երաշտինն ու կարկուտինը։ Ու սա առաջին անգամը չէ։
Էկոնոմիկայի նախարարությունից եկել, մկների հասցրած վնասը տեղում տեսել են, գույքագրել ու գնացել։ Առայժմ արձագանք չկա։ Իսկ շատերի ապրուստի միակ միջոցը հենց ցանած ցորենն ու գարին էր։
Մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ այս տարի գարնանն ավելի շատ ցանքատարածություն է ընդգրկվել կրծողների դեմ պայքարի ծրագրում՝ հաշվի առնելով դաշտերի վարակվածության աստիճանը։ Այն մեթոդը, որով իրականացվում է պայքարը, ավելի ընդունելի է համարում, քանի որ համատարած պայքարի պարագայում կենդանական աշխարհին կարող է վնաս հասցվել։
Կրծողների հասցրած վնասի փոխհատուցում գյուղացիներին չի տրամադրվել ու չի էլ տրամադրվի։ Կառավարությունը սահմանափակվում է գարնանն ու աշնանը անվճար թունաքիմիկատ տրամադրելով։ Օրինակ, այս գարնանը Շիրակի մարզում 13 հազար հեկտարի հաշվարկով է տրամադրվել թունաքիմիկատ՝ գրեթե կրկնակի շատ, քան նախորդ տարի։ Կրծողների հասցրած վնասը ներառված չէ գյուղապահովագրության ծրագրում, հետևաբար փոխհատուցում էլ նախատեսված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում