Նոր դեսպան, հին խնդիրներ. ի՞նչ կփոխի Արսենյանը հայ-ռուսական հարաբերություններում

Գուրգեն Արսենյան, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ Արսենյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել օրեր առաջ, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։

«Հիմա որևէ մեկնաբանություն չունեմ», - «Ազատության»-ն ասաց Արսենյանը։

Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը, վարչապետ Փաշինյանի թիմակիցն ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։ Հարցին, թե վստա՞հ է, որ իրեն կհաջողվի՝ հաշվի առնելով երկրների փոխադարձ մեղադրանքները, Արսենյանը խոստացավ ավելի ուշ խոսել, երբ իրավիճակին տիրապետի։

«Հիմա տեղեկատվական դաշտի համար էս պահին որևէ բան չունեմ ասելու», - «Ազատության»-ը փոխանցեց նախկին պատգամավորը։

Գուրգեն Արսենյանը, որ այս անգամ հրաժարվեց խոսել հայ-ռուսական հարաբերություններում իր հնարավոր դերակատարումից, վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հետ կապված հարցերում մեղմ դիրքորոշումներ էր հայտնում՝ չնայած իշխող թիմի բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների շարքերից հնչող կոշտ մեղադրանքներին ու քննադատություններին։ Մինչև դեսպան նշանակվելու լուրերը, Արսենյանը չէր խնայում Ռուսաստանին՝ ՔՊ-ականների պես։

«Այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողումը կամ տորպեդահարումը, մեզ համար ակնհայտ է», - ասել էր Արսենյանը։

Մինչև այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր Վաղարշակ Հարությունյանը, որ պաշտոնավարեց երկուսուկես տարի։ Նա Մոսկվա էր գործուղվել 2022-ի հունվարից։ Մինչ այդ նրան վստահվել էր պաշտպանության նախարարի պաշտոնը, որ տևեց ինն ամիս։

Նորանշանակ դեսպանը նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել, Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին։ Մինչև գործող իշխանությունը, խորհրդարանում էր Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Արսենյանը պատգամավոր է եղել նաև 2000-ականներին։ 90-ականներին՝ ՀՀԿ-ական։ 2002-ին հիմնադրել է իր կուսակցությունը։

Հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ կարելի՞ է սպասել այս նշանակումից

«Իհարկե հետաքրքիր նշանակում է, Փաշինյանն իր մերձակա շրջապատից մարդ է ուղարկում Ռուսաստան՝ փոխարինելու մի ձախորդ դեսպանի», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հայ-ռուսական լարված հարաբերություններում փոփոխություններ կարելի՞ է սպասել այս նշանակումից։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Փաշինյանն իր թիմակցին ուղարկում է Մոսկվա՝ հարաբերությունները կարգավորելու միտումով։

«Կարծում եմ՝ սրանով ինքը փորձում է ինչ-որ ազդակ ուղարկել, որ պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնելու, մանավանդ, որ այս նշանակումից մի քանի օր առաջ էլ Եվրասիական զարգացման բանկի կայունացման հիմնադրամից 300 միլիոն դոլարի պարտք է Հայաստանը վերցրել, գաղտնիք չէ, որ այդ բանկի հիմնական բաժնետերը Ռուսաստանն է», - ընդգծեց Խաչատրյանը:

Իշխանականներից զանգերին արձագանքեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա կարծիքով՝ դեսպանի փոփոխությունը էական նշանակություն չունի հարաբերությունների կարգավորման հարցում։

«Ես չեմ կարծում, որ դեսպանը որպես պաշտոն, որպես կարևորագույն նշանակության մի մակարդակում աշխատանք էդքան վճռական է երկու երկրների հարաբերությունների զարգացման կոնտեքստում», - ասաց Աղազարյանը:

Գուրգեն Արսենյանը գործարար է, ըստ «Հետք»-ի՝ մինչև անցած տարի Ռուսաստանում բիզնես ուներ։ 2023-ի հայտարարագրով՝ բաժնեմաս 8 ընկերությունում, որդին ընկերություններ ունի Միացյալ Նահանգներում ու Չեխիայում։