Սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղըզստանում կանցկացվեն ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
Նշվում է, որ հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 14-ից 16-ն էլ Նովոսիբիրսկում ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ են անցկացվելու։ «Ինտերֆաքս»-ը նշել էր, որ Հայաստանն այս զորավարժություններին մասնակիցներ չի ուղարկելու։
Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։ Երևանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ միջոցառումները։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՀԱՊԿ անդամակցության հարցում պետք է վերջնական վճիռ կայացնի. Տասմագամբետով