Ղրղըզստանի նախագահն առաջարկում է փոխել երկրի օրհներգը

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարով, ֆոնին՝ երկրի փոփոխված դրոշը, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկում է փոխել երկրի օրհներգը, որպեսզի այն, նրա բնորոշմամբ, պատշաճ ներկայացնի ազգի «զարգացող» ինքնությունը:

Kabar լրատվականի հետ զրույցում Ղրղըզստանի ղեկավարը պնդել է, որ 33 տարի առաջ գրված օրհներգը հնացել է, չի ներշնչում հայրենասիրություն, միասնություն, ինչպես նաև չի համապատասխանում ժամանակակից Ղրղզստանի ոգուն։

«Մեզ պետք է նոր օրհներգ, որը կմարմնավորի մեր հարուստ պատմությունը և այն հզոր ազգը, որը մենք դառնում ենք», - պնդել է Ժապարովը:

Այս նախաձեռնությունը հաջորդում է ազգային դրոշի վիճահարույց փոփոխություններին, որոնք քննադատությունների մեծ ալիք էին բարձրացրել երկրում։

«Երբ խոսվեց դրոշի փոփոխության մասին, նույնպես գտնվեցին դեմագոգներ, որոնք դեմ էին։ Մի՞թե վատն է մեր ներկայիս դրոշը։ Այն մեկ քայլ առաջ է նախորդից։ Արևի խորհրդանիշը հին դրոշի վրա անհասկանալի էր՝ արևածաղի՞կ էր, թե՞ սղոցի շեղբեր։ Մարդը տեսնելով մեր ներկայիս դրոշը միանգամից հասկանում է, որ արևի շողեր են պատկերված», - մեկնաբանել է Ժապարովը։

Պոպուլիստական կառավարմամբ հայտնի Ժապարովը հաճախ է անդրադառնում ազգային խորհրդանիշներին։ Ընդդիմախոսները, այդ թվում՝ քաղաքական գործիչ Ադախան Մադումարովը, քննադատում են փոփոխությունների նախաձեռնությունը և պնդում, որ նման քայլերով իշխանությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունն առաջնային սոցիալական և տնտեսական խնդիրներից: