Ղազախական ընկերությունները Ռուսաստանի համար ՌԷՊ սարքեր են գնել․ The Insider

Մուրմանսկի ՌԷՊ ռուսական կայանը, արխիվ

Ղազախական ընկերություններն Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի երկրներից սարքավորումներ են գնել, որոնք հետագայում մատակարարվել են Ռուսաստան և կարող էին օգտագործվել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների ստեղծման համար, նշում է The Insider-ը։

Տվյալների համաձայն, Ղազախստանում գրանցված Askarlab, Dicosta Technologies, Panalem Technologies և Computer Services Ltd ընկերությունները 2023-2024 թվականներին ձեռք են բերել գերմանական Rohde & Schwarz, ֆրանսիական Safran Data Systems, ամերիկյան Mini-Circuits, իռլանդական Farran Technology և այլ ընկերությունների արտադրանք, որը հետագայում ուղարկվել է Ռուսաստան։

Հետաքննողները պարզել են, որ միայն Askarlab-ը 2023 թվականի նոյեմբերից շուրջ երկու միլիոն դոլարի բարձրակարգ ռադիոտեխնիկական սարքավորումներ է գնել։

The Insider-ի տրամադրության տակ հայտնվել է Askarlab-ի տնօրեն Ալեքսանդր Լիսիցինի նամակագրությունը, որտեղ նա խոստանում էր Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող «Դիպոլ» ընկերությանը մատակարարել իսպանական Keysight Technologies-ի սարքավորումներ։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Դմիտրիևը նշել է, որ այս և այլ արևմտյան ընկերությունների արտադրանքն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի արբանյակային ռադիոհետախուզության և «Լիանա» համակարգերի արդիականացման համար։

Հետաքննությունը հայտնում է, որ Ալմաթիում գտնվող Dicosta ընկերությունը 2023 թվականի նոյեմբերից ներմուծել է Keysight-ի (աղմուկի գեներատորներ, ազդանշանների վերլուծիչներ) տեխնիկա՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ։ Ընկերությունը ղեկավարում է Ալեքսանդր Սերազետդինովը, որը նախկինում նույն Լիսիցինի հետ ղեկավարել է Computer Services ընկերությունը։

Հրապարակումը, օգտվելով Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային փաստաթղթերից, պարզել է, որ արտասահմանյան ապրանքներն օդային ճանապարհով տեղափոխվել են Ալմաթիի Ժետիսու մաքսակետ և այնուհետև որոշ ապրանքներ ուղարկվել են Ռուսաստան։

2023 թվականի հունիսին Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինն ընդունել էր, որ Ղազախստանից Ռուսաստան երկակի նշանակության ապրանքներ են մատակարարվել։ Նա նշել էր, որ այդպիսի ապրանքներ տեղափոխող ընկերությունների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացվել է՝ կիրառելով հատուկ լոգիստիկ վերահսկողություն, սակայն հրաժարվել էր նշել այդ ընկերությունների անունները՝ հավելելով, որ դրանք «ավելի քան հարյուրն են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանը ԱԷԿ կառուցելու համար վերականգնել է բանակցությունները ամերիկյան ընկերությունների հետ