Ղարաբաղը կործանվեց ռուսների աչքի առջև, ինչո՞ւ ետ չենք կանչում մեր ստորագրությունը եռակողմ հայտարարություններից. Քոչինյան

Ղարաբաղը կործանվեց ռուսների աչքի առջև, ինչո՞ւ ետ չենք կանչում մեր ստորագրությունը եռակողմ բոլոր հայտարարություններից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է Լավրովին, ռուս գործընկերներին կոչ անում սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության ջանքերը

«Ազատություն». - Ի՞նչ նկատի ունի Ռուսաստանի արտգործնախարարը, երբ Սյունիքով անցնող ճանապարհի մասին ասում է, թե հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը:

Քոչինյան. - Բավականին ակնհայտ է, խոսքը գնում է եռակողմ պայմանավորվածությունների մասին, համաձայն որոնց ռուսական կողմն էլ պետք է ունենար որոշակի վերահսկողության մեխանիզմներ Սյունիքով, ավելի կոնկրետ Մեղրիով անցնող ճանապարհի վրայով, բայց ակնհայտ է նաև, որ այդ եռակողմ պայմանավորվածությունները նաև շատ այլ բանի մասին էին: Ավելին՝ եռակողմ պայմանավորվածությունները հիմնականում Ղարաբաղի մասին էին՝ ռուսական ներկայություն, անվտանգություն, երաշխիքներ, նմանատիպ բազմաթիվ տեսակ-տեսակ բառեր: Հիմա երբ այդ ամեն ինչը չկա, պտտվել ու հայկական կողմին մի հատ էլ մուննաթ դեմքով ասել՝ բա ի՞նչ եղավ ճանապարհը, իհարկե բոլորովին այլ օպերայից է:

«Ազատություն». - Որովհետև Հայաստանը հետ չի կանչում ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից:

Քոչինյան. - Այդտեղ ես այդ քննադատության հետ համաձայնում եմ՝ ինչո՞ւ մենք մինչև էս պահը ետ չենք կանչել մեր ստորագրությունը եռակողմ բոլոր հայտարարություններից, որովհետև այդ հայտարարությունները Ղարաբաղի մասին էին, Ղարաբաղը կործանվեց, կործանվեց ռուսների աչքի առջև և ռուսների մասնակցությամբ, ինչո՞ւ ենք մենք մինչև հիմա շարունակում մեր ստորագրությունը այդտեղ պահել: Հիմնական արգումենտը, որ ես լսում եմ այս հարցադրմանն ի պատասխան՝ մենք չենք ուզում ապակայունացնել իրավիճակը, մեկ, և երկրորդը՝ եթե էդ թղթերը մենք հետ ենք կանչում, ի՞նչ է մնում Ադրբեջանի հետ, ի՞նչ թուղթ կա Ադրբեջանի հետ: Բայց ճիշտն ասած ես այստեղ էլ համաձայն չեմ, նախ, ապակայունացման վերաբերյալ հիմնական մեր զրուցակիցն Ադրբեջանն է, ու Ադրբեջանի հետ կարելի է խոսել այս թեմայով: Երկրորդը՝ ի՞նչ է մնում Ադրբեջանի հետ, նախ կա առանձին փոխվարչապետների ֆորմատով խոսակցություն, որտեղ այլևս կան ստորագրված փաստաթղթեր, կա նոր ձևավորվող երկխոսության հարթակ կոմունիկացիաների թեմայով, որը կլինի երկկողմ, ու վերջապես կա բուն խաղաղության թեմայով խոսակցությունը: Սրան զուգահեռ եկեք հիշենք նաև ինչ էին ասում Ադրբեջանում բոլորովին վերջերս, իրենք ուզում են տեսնել Մինսկի խմբի չեղարկումը: Երկկողմ էսպիսի նախաձեռնություն Հայաստանից ու Ադրբեջանից, հիմա այստեղ բարտերի թեմա է առաջանում իրականում, Հայաստանը համաձայնում է Մինսկի խմբի չեղարկմանը, Ադրբեջանն էլ համաձայնում է եռակողմ հայտարարությունների չեղարկմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.