Գերմանիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ: Ըստ գերմանական Deutsche Welle-ի զոհվել է 5 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել։

Մահացածների թվում փոքր երեխա կա, հայտնել են շրջանային իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 68 վիրավորի մասին։

Բերման է ենթարկվել 50-ամյա բժիշկ Սաուդյան Արաբիայից։ Նա կասկածվում է մարդկանց հետ դիտավորյալ բախվելու մեջ։ Դրդապատճառները պարզ չեն։

Ձերբակալված տղամարդը 2006 թվականից ապրում էր Գերմանիայում և փախստականի կարգավիճակ է ստացել 2016 թվականին, հայտնել են իշխանությունները: Նա մեքենան վարձել է բախումից քիչ առաջ, որը պաշտոնյաներն արդեն անվանել են «ահաբեկչական հարձակում»։ Նախաքննությունը շարունակվում է։

«Իմ մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- X-ում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, նա կժամանի Մագդեբուրգ։

Երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հայտարարել է, որ «խաղաղ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին ուրախությունը դաժանորեն ավարտվել է»։

Ցավակցություն են հայտնել նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության իշխանությունները։

Սաուդյան Արաբիայի կառավարությունը դատապարտել է Գերմանիայում տեղի ունեցած կրակոցները և համերաշխություն հայտնել գերմանացի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին։