Անակնկալ այցով այսօր գնացքով Կիև է ժամանել Գերմանիայի կանցլերը: Այցից առաջ Օլաֆ Շոլցը X-ում գրել է, որ Գերմանիան կմնա Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը:
«Իմ այցը համերաշխության նշան է մի երկրի հետ, որն ավելի քան հազար օր է հերոսաբար պաշտպանում է իրեն անողոք ռուսական ագրեսիայից։ Ուկրաինան կարող է ապավինել Գերմանիային։ Մենք ասում ենք այն, ինչ անում ենք, և անում ենք այն, ինչ ասում ենք»,- գրել է նա:
Զելենսկին և Շոլցն արդեն հասցրել են մասնակցել անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսի, այնուհետև հարգանքի տուրք մատուցել զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին, ապա տեսակցել հիվանդանոցում բուժվող ուկրաինացի զինվորականներին: Շոլցն այսօր բանակցություններ կվարի Զելենսկու հետ և կհայտարարի Կիևին ևս 650 մլն եվրոյի սպառազինություն մատակարարելու մասին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Շոլցի այցն, ասել է, որ ուշադիր հետևում են Կիևից ստացվող նորություններին. - «Չէի ասի, թե ակնկալիքներ ունենք այս այցից։ Իհարկե, մենք հետևում ենք ենք բոլոր շփումներին։ Գերմանիան փաստացի շարունակում է Ուկրաինային անվերապահ աջակցության ուղեգիծը»:
Հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը Շոլցի միջոցով ինչ-որ բան է փոխանցել Զելենսկուն, Պեսկովը բացասական պատասխան է տվել։ Սա վերջին երկուսուկես տարվա ընթացքում Շոլցի առաջին այցն է Ուկրաինա և երկրորդը իր պաշտոնավարման ընթացքում:
Գերմանիայի առաջնորդի այցից առաջ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Շոլցին երկու շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զրույցը ցույց տվեց, որ պատերազմի վերաբերյալ Պուտինի տեսակետը չի փոխվել. Շոլց«Մեր զորքերը բավարար ուժ չունեն Ղրիմը և այլ տարածքներ վերադարձնելու համար։ Սա փաստ է։ Պետք է դիվանագիտական լուծում փնտրել», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Շոլցի հետ բանակցություններից առաջ Զելենսկին ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում բողոքել է Ուկրաինայի զինված ուժերում մարդուժի պակասից և խոսել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու մասին՝ գործընկերներից պահանջելով մեծացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Զելենսկին նշել է, որ ռուսական զինուժն առաջ է շարժվում Ուկրաինայի արևելքում, իսկ ճակատում իրավիճակը բարդ է Կիևի համար։ Նաև ասել է, որ «Ուկրաինան կկարողանա դիվանագիտական միջոցների մասին մտածել միայն, երբ բավական ուժեղանա», որպեսզի կարողանա զսպել Ռուսաստանին»։
Այս հարցազրույցից առաջ էլ Ուկրաինայի նախագահը խոսել էր պատերազմի թեժ փուլին վերջ տալու հավանականության մասին: Զելենսկու գնահատմամբ՝ դա հնարավոր կլինի, եթե Ուկրաինային առաջարկ արվի անդամակցել ՆԱՏՕ-ին այն տարածքով, որն այժմ գտնվում է Կիևի հսկողության տակ: Միաժամանակ պնդել էր, որ ռազմական դաշինքին միանալու առաջարկը պետք է տարածվի երկրի բոլոր մասերի վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով:
Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ: