Գերմանիայի հետախուզական ծառայությունները նախազգուշացնում են Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի մասին

Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կահլ, արխիվ

Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կահլը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի մասին։

«Ոչ ուշ, քան այս տասնամյակի վերջին, ռուսական զինված ուժերը պետք է որ ի վիճակի լինեն ուղիղ հարձակում սկսել ՆԱՏՕ-ի վրա», - հայտարարել է Կահլը՝ երկուշաբթի օրը Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողական հանձնաժողովում հետախուզության ղեկավարների բաց լսումների ժամանակ:

Կրեմլը Բեռլինին հակառակորդ է դիտարկում, ասել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահն՝ ընդգծելով՝ պատճառը Գերմանիայի ակտիվ աջակցությունն է Ուկրաինային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան ՀՕՊ համակարգեր կտրամադրի Ուկրաինային

«Մենք ուղիղ առճակատման մեջ ենք Ռուսաստանի հետ։ Պուտինին Ուկրաինան իրականում պետք չէ։ Նա նոր աշխարհակարգ է ձգտում ստեղծել», - նշել է Կահլը։

Ընդգծելով, որ ռուսական հետախուզական ծառայությունը գործում է իր հնարավորությունների առավելագույն չափով՝ Կահլը չի բացառել, որ իրավիճակը հնարավոր է սրվի։

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգն էլ իր հերթին շեշտելով ռուսական հետախուզական ծառայությունների ագրեսիվ գործունեությունը, մասնավորապես՝ ընդգծել է՝ հաճախակիացել են որակապես բարձր մակարդակով իրականացվող լրտեսության և դիվերսիայի դեպքերը։

Ռուսական կողմը դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան ևս 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտամադրեն Ուկրաինային