Գերմանիան 10 միլիոն եվրո կհատկացնի ռուսական հրթիռային հարվածներից մասամբ ավերված Կիևի «Օխմադետ» մանկական ամենամեծ հիվանդանոցի վերականգնման համար, Rheinische Post թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցը։
«Մենք չպետք է ընդունենք և համակերպվենք մտքի հետ, որ Ուկրաինայում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման այս վայրն այլևս գոյություն չունի։ Մենք աջակցություն ենք հայտնել Ուկրաինայի կառավարությանը՝ հիվանդանոցը վերակառուցելու հարցում, որպեսզի երեխաները կրկին կարողանան ստանալ իրենց անհրաժեշտ բուժումը», - ասել է Շուլցը։
Գերմանացի նախարարը նախ ընդգծել է, որ «Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ», ապա նկատել՝ «երեխաներն ամենաշատն են տուժում են Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից»։
Հուլիսի 8-ին Կիևը զանգվածային օդային հարձակման է ենթարկվել ռուսական ուժերի կողմից, լրջորեն տուժել է նաև «Օխմադետ» մանկական հիվանդանոցի համալիրը։ Այդ օրն, ըստ պաշտոնական Կիևի, ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ չորս երեխա են զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել, ավելի քան 30 մարդ զոհվել է, 130-ը՝ վիրավորվել