Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» քաղխորհուրդը արձագանքելով վրացի որոշ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը, այն համարել է «2012-ից սկսված հակավրացական հռետորաբանության շարունակություն»։
«Քաղաքական շանտաժը և սպառնալիքները, որը տարվում է Վրաստանի դեմ, չեն համապատասխանում ոչ միայն ռազմավարական գործընկերության, այլև ընդհանրապես համագործակցության ոգուն։ Էնթոնի Բլինքենի անունից արված հայտարարությունը և վիզային սահմանափակումների շանտաժը ոչ այլ ինչ է, քան կոպիտ փորձ սահմանափակելու Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը», - հայտարարել է Վրաստանի իշխող ուժը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի իշխանությունների համար։ Պատճառը «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքն է։
Սահմանափակումները, ըստ Բլինքենի, կտարածվեն այն անձանց ու նրանց ընտանիքի անդամների վրա, «ովքեր պատասխանատու ու մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար»։ Սահմանափակումներից զերծ չեն մնա նաև «Վրաստանում բռնության միջոցով քաղաքացիական հասարակությանն ու խաղաղ հավաքների ազատությունը ճնշող անձինք ու նրանց ընտանիքի անդամները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիզային սահմանափակումներ, համագործակցության վերանայում․ ԱՄՆ-ը Վրաստանի հարցով որոշում է կայացրել