Գեղամ Նազարյանը պնդում է՝ պատերազմի պատասխանատուն միայն Փաշինյանը չէ

Պատերազմում որդուն կորցրած պատգամավոր Գեղամ Նազարյանը, որ երեք տարի առաջ համոզված էր՝ պատերազմը վարչապետ Փաշինյանն է բերել ու կառավարությունից ուղիղ բանտ պետք է գնա, հիմա հասկացել է՝ պատերազմի պատասխանատուն միայն Փաշինյանը չէ։

«Եթե մենք էս փաստը վերցնենք ու շարունակենք առաջ, մենք մի նոր աղետ ենք փորում մեր առաջ: Ե՞րբ եմ հասկացել, երկար ուսումնասիրություններից հետո: Մեր գրականությունը, պատմագիտությունը բերել է նրան, որ այս կամ այն ճակատամարտը պարտվեցինք, որովհետև մի դավաճան կար, մեզ բերել հասցրել է նրան, որ մի հոգի կարող է որոշել մի ազգի ճակատագիրը, բա մնացածն ի՞նչ էին անում», - նշեց Նազարյանը:

Էլ ո՞վ է պատասխանատու, լրագրողները փորձում էին այսօր պարզել ընդդիմադիր խմբակցությունից հեռացած պատգամավորից, բայց նա այդպես էլ պատասխանատուների իր ցանկը չհրապարակեց:

Խմբակցությունից դուրս գալու պատճառ դարձավ Գեղամ Նազարյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։ Իմփիչմենթ պետք է անեին, իսկ դրա համար մեծամասնությունը պետք է կողմ լիներ։ Սկանդալային դարձավ «Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա» միտքը, անցած շաբաթվա վերջին նրան առաջարկեցին լքել խմբակցությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստան» խմբակցությունը Գեղամ Նազարյանին առաջարկել է դուրս գալ. նա համաձայնել է

Քաղաքական թիմից էական տարբերվող դիրքորոշում չեմ հայտնել, պնդում էր Նազարյանն ու բացատրում՝ խորհրդարան ինչու են հասել ընդդիմադիրները. - «Մենք դրա համար էինք պայքարում, էդ պայքարը բերեց նրան, որ հասանք արտահերթ ընտրությունների: Հիմա արտահերթ ընտրություններին մենք հո չէինք մասնակցում, որ գնանք ընդդիմություն խորհրդարանում ու հասնենք նրա հրաժարականին: Չէ, մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք, որ ձևավորենք իշխանություն»:

Նազարյանը մանդատից չի հրաժարվում, կշարունակի արդեն անկախ պատգամավորի կարգավիճակում. - «Հատուկ շեշտում եմ, որ իմ գործունեությունն աչքի է ընկնելու ավելի ընդդիմադիր գործունեությամբ»:

Ամիսներ առաջ էլ որդեկորույս պատգամավորի մեկ այլ հայտարարություն շատ քննարկվեց։ Ասել էր, թե ներել է Նիկոլ Փաշինյանին։ Ներելը չի նշանակում, որ նրան անմեղ է համարում, այսօր բացատրեց Գեղամ Նազարյանը։

«Հայաստան» խմբակցությունից հեռացել է խաղաղ, ընկերաբար, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին էլ է հանդիպել, ասաց՝ ջերմ են բաժանվել։