Գազայում արդեն շուրջ մեկ տարի շարունակվող ռազմական գործողությունները, վերջին տվյալներով, ավելի քան 41 հազար մարդու կյանք են խլել, հաղորդում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
Վիրավորների թիվը, ըստ հաղորդման, մոտենում է 100 հազարի։
Լիբանանի ուղղությամբ Իսրայելի գործողություններին զուգահեռ պատերազմը շարունակվում է նաև Գազայում։
Լրատվամիջոցների հետ զրույցներում պաղեստինցիները մտավախություն են հայտնում, թե Լիբանանում տեղի ունեցողի ֆոնին իրենց մասին կարող են մոռանալ։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանին Իսրայելի մահաբեր հարվածները նոր պատերազմի սկիզբն են նշանավորում