Գազայում հրադադար հաստատելու հարցով բանակցությունները մտնում են «վերջնական փուլ», իսկ ԱՄՆ-ի ու Եգիպտոսի ղեկավարները խոստացել են գործարքի հարցով առաջիկա ժամերին սերտ կապի մեջ լինել, հաղորդում է Reuters-ը։
Դոհայում ավելի քան ութ ժամ տևած բանակցությունները լավատեսություն են ներշնչում, փոխանցում է գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Քաթարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի պաշտոնյաներն, ինչպես նաև Իսրայելն ու «Համաս»-ը հայտարարել են, որ պաշարված անկլավում զինադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ:
Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնագրի տեքստը ներկայացվել է երկու կողմերին, վերջին մանրամասների շուրջ բանակցությունները շարունակվում են։
«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի ուշ երեկոյան Reuters-ին փոխանցել է, որ դեռ պատասխան չեն տվել, քանի որ սպասում են Իսրայելի քայլին։ Պաղեստինյան խմբավորումը հույս ունի, որ Թել Ավիվն իր ուժերը Գազայից դուրս բերելու քարտեզներ կներկայացնի։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը միևնույն ժամանակ հայտարարել է, որ բանակցությունները հասել են վերջնական փուլին, գործարքի կնքման հույս են հայտնել։
Իսրայելցի պաշտոնյան էլ ասել է, որ բանակցությունները հասել են «կրիտիկական փուլին», թեև որոշ մանրամասներ պետք է մշակվեն։ «Մենք մոտ ենք, բայց դեռ այնտեղ չենք», - ասել է պաշտոնյան։
Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գործարքը մոտ է ավարտին։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հույս է հայտնել, որ Գազայի հատվածում պատանդների ազատման գործարքը կկնքվի այս շաբաթ:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն կցանկանար առաջիկա 2 շաբաթում հասնել հրադադարի Գազայի հատվածում. ԲլինքենԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին՝ Գազայում իսրայելական հարվածներից 20 մարդ է զոհվել