Իսրայելական ուժերն անցած գիշեր ռմբակոծել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բնակելի հատվածները, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում են պաղեստինցի բժիշկները։
Հայտարարության համաձայն, իսրայելական բանակը թիրախավորել է տեղահանվածների ժամանակավոր կացարանը։
Պաղեստինի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ, տարածքում քիչ թե շատ գործող երեք հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել վիրավորների մեծ հոսքի պատճառով։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում Իսրայելի երկու հարվածներից առնվազն 13 մարդ է զոհվել