Իսրայելի ռազմական կառավարությունը լուծարվել է, դա կապված է հունիսի 9-ին նախարար Բենի Գանցի հրաժարականի հետ։
Ըստ Israel Hayom պարբերականի, վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ կառավարության նեղ կազմով գումարված ժողովում ասել է, որ արտակարգ ռազմական կաբինետի ստեղծումը Գանցի հետ կոալիցիոն համաձայնագրի մի մասն էր:
«Բենի Գանցի հեռանալուց հետո նման ձևաչափ այլևս գոյություն չունի»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նա այդ հայտարարությամբ պատասխանել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի՝ Գանցի հրաժարականից հետո իրեն արտակարգ ռազմական կաբինետում ընդգրկելու հայտին:
«Այլևս չկա արտակարգ պատերազմական կաբինետ»,- Israel Hayom թերթի փոխանցմամբ, ասել է վարչապետ Նեթանյահուն:
Նրա ղեկավարած դաշինքը 120 տեղանոց Քնեսեթում՝ խորհրդարանում, դեռ ունի մեծամասնություն, որն ապահովում է 64 օրենսդիր:
Բենի Գանցն առաջարկել է ցրել խորհրդարանը և նոր արտահերթ ընտրություններ նշանակել, սակայն գաղափարը չի ընդունվել:
Իսրայելում արտակարգ ռազմական կառավարությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակում են գործել հրեական բնակավայրերի վրա:
Դրան ի պատասխան Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի հենակետերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեննի Գանցը հրաժարական է ներկայացրել