Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում է եռակողմ համաձայնությունների հիմնական ուղղություններից մեկը, որ ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, արբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Միխայիլ Գալուզինը Մոսկվայում մասնակցում է Ադրբեջանի անկախության օրա առիթով անցկացվող հանդիսավոր ընդունելությանը։
Գալուզինը նշել է, որ սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում և կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
- Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
- Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի: