Ֆրանսիական հիվանդանոցներից մեկում մահացել է ադրբեջանցի իրավապաշտպան Վիդադի Իսկենդերլին, ով օրեր առաջ դանակահարվել էր երեք դիմակավորված անձանց կողմից, հայտնում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով նրա եղբորը՝ Օքթայ Իսկենդերլիին։
Նա ասել է, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Իսկենդերլիի հարազատներին հրավիրել են հիվանդանոց, որպեսզի հրաժեշտ տան նրան։ Ընդդիմադիր գործչի մարմինը մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ փորձաքննության համար, որից հետո կհանձնեն ընտանիքին։
Իրավապաշտպանի վրա հարձակվել էին սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան։ Նրա հարազատների խոսքով՝ երեք անհայտ դիմակավորված անձինք պատուհանից մտել են Մուլհաուս քաղաքի նրա բնակարան ու դանակի 24 հարված հասցրել։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության, հարձակվողներից մեկը դանակով հարվածներ է հասցրել, իսկ մյուս երկուսը կանգնել են դռան մոտ։ Չնայած ստացած վնասվածքներին՝ Իսկենդերլին կարողացել է հարձակվողներին դուրս հրել բնակարանից և ոստիկանություն կանչել։
Ավելի վաղ «Թուրան»-ը հիշեցրել է, որ ընդդիմադիր գործիչը երկու տարի առաջ էլ էր հաձակման ենթարկվել, այն ժամանակ նա պնդել էր, որ տեղի ունեցածի պատվիրատուն Ադրբեջանի իշխանությունն է։
Վիդադի Իսկենդերլին հայտնի է սոցցանցերում Ալիևի վարչակազմի հասցեին իր կոշտ քննադատությամբ։
Մինչև Ֆրանսիա արտագաղթելը քաղաքական գործիչն Ադրբեջանում բազմիցս քրեական հետապնդումների է ենթարկվել, իսկ 2011 թվականին 3,5 տարվա ազատազրկման դատապարտվել՝ 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձանաժողովի աշխատանքներին միջամտելու մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել․ «Թուրան»