Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց վարչապետ Միշել Բարնյեի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին։
Նախարարների կաբինետի հրաժարականի համար բավարար էր նվազագույնը 289 քվեն, մինչդեռ կողմ է արտահայտվել 574 պատգամավորներից 331-ը։
Վերջին՝ ավելի քան 60 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայում կառավարությունը տապալվում է խորհրդարանի կողմից անվստահության քվեի արդյունքում։ Վերջին անգամ նման ճակատագրի արժանացավ Ժորժ Պոմպիդուի գլխավորած կաբինետը՝ 1962 թվականին։
Երեք ամիս առաջ ձևավորված ֆրանսիական գործադիր իշխանությունն օրենսդիրների քննադատության թիրախում հայտնվեց ֆինանսական բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով։ Բարնյեն առաջարկում էր բյուջեի ծախսերը կրճատել 40 միլիարդ եվրոյով և ավելացնել հարկերը՝ ընդհանուր 20 միլիարդով։
Անցած օրերին չստանալով պատգամավորների աջակցությունը, վարչապետը որոշել էր օրինագծի հաստատմանը հասնել շրջանցելով խորհրդարանը՝ Սահմանադրության 49.3-րդ հոդվածի օգնությամբ, բայց դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե գործադիրը ստանար օրենսդիր իշխանության վստահության քվեն։
Այսպիսով Բարնյեն դարձավ Ֆրանսիայի միակ վարչապետը 1958 թվականին հինգերորդ հանրապետության հիմնադրումից ի վեր, որը պաշտոնավարեց ընդամենը 90 օր: Խորհրդարանի կողմից մերժված կառավարությունը, ըստ ամենայնի, կշարունակի պաշտոնավարել մինչև նախագահ Էմանյուել Մակրոնը նոր վարչապետ կգտնի։ Նախորդ անգամ այդ փնտրուքը 50 օր տևեց։
Ֆրանսիայում հնչում են նաև նախագահի հրաժարականի պահանջներ, ինչին ի պատասխան, Ելիսեյան պալատի ղեկավարը պնդել է, թե մտադիր չէ հեռանալ և ծառայելու է երկրին «մինչև իր պաշտոնավարման ժամկետի վերջին վայրկյանը», որը կլրանա 2027 թվականին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշել Բարնյե. «Ֆրանսիան կպահանջի Թուրքիայից ճանաչել հայոց ցեղասպանությունը»
Առավել մանրամասն տե՛ս այստեղ