Ֆրանսիացի դիվանագետները վաղը կայցելեն Սիրիա

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, արխիվ

Վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ ֆրանսիացի դիվանագետները կայցելեն Սիրիա։

Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո Փարիզը խզել էր հարաբերությունները նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ նրան մեղադրելով մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման մեջ։

Ֆրանսիացի չորս դիվանագետի վաղը Սիրիա նախատեսված այցի մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Նախարարի խոսքով՝ պատվիրակությանը հանձնարարված է «նախնական կապեր հաստատել» Սիրիայի նոր իշխանությունների հետ, ինչպես նաև գնահատել բնակչության հրատապ հումանիտար կարիքները։

«Մենք միամիտ չենք Դամասկոսի նոր իշխանությունների նկատմամբ, գիտենք իսլամիստական խմբավորումների անցյալի մասին», - անցած օրերին հայտարարել էր ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը՝ շեշտելով, որ Սիրիայի նոր կառավարությունը պետք է ներկայացնի երկրի ողջ բնակչությանը և անցումային շրջանը պետք է ի վերջո ավարտվի ազատ ընտրություններով:

Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով՝ միջազգային հանրությունը կբարելավի հարաբերությունները ժամանակավոր պաշտոնյաների հետ, եթե վերջիններս հարգեն մարդու իրավունքները, ներառյալ փոքրամասնություններին և կանանց, ինչպես նաև շարունակեն պայքարը ահաբեկչության, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիական նոր կառավարության ժամանակավոր վարչապետը խոստանում է ապահովել երկրի անվտանգությունը