Ֆրանսիան հանձնառու է նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացմանը, Փարիզի «Մատինյոն» պալատում, ըստ հայկական կողմի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն։
Բարնիեն նշել է, որ պատրաստ է նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը՝ հիշեցնելով, որ 1995 թվականին մասնակցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացմանը։
Փաշինյանն ու Բարնիեն բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը՝ շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում:
Վարչապետն ասել է, որ հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։
Փաշինյանն ու Բարնիեն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Փաշինյանը երեկ է ժամանել Փարիզ։ Նա հանդիպել է նաև նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը Փարիզում վերստին հայտարարել է՝ Երևանը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը կնքել արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ու շարունակել հետագա քննարկումները: Ֆրանսիայի նախագահն էլ իր հերթին վերահաստատել է Փարիզի անվերապահ աջակցությունը Հայաստանին։
Ֆրանսիայում է նաև Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միզրոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը վերահաստատում է անվերապահ աջակցությունը Հայաստանին