Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանը

Նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, արխիվ

Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանին։ Հայաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ձերբակալման մասին իրենց ռուսական կողմն է տեղեկացրել։

Ուրիխանյանին արտահանձնելու մասին իրավապահները դեռևս մանրամասներ չեն հաղորդում։

Նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Ուրիխանյանը մեղադրվում է ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։

Նա հետախուզվող նախկին ոստիկան, «Դոկ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի թիմի կազմում ընտրվել էր Երևանի ավագանի, բայց հետո հրաժարվել մանդատից։