Միացյալ Նահանգների Ֆլորիդայում «Միլթոն» փոթորիկը թեև թուլանում է, բայց դեռ մահացու վտանգավոր է, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը, այս գիշեր այն հասել է Ֆլորիդա՝ տորնադոներ ու հեղեղումներ առաջացնելով և իր հետևից ավերածություններ թողնելով քաղաքներում, որոնք արդեն իսկ երկու շաբաթ առաջ տուժել էին «Հելեն» փոթորկից:
«Միլթոն» փոթորիկը սկսվել էր իբրև առավելագույն ուժգնության՝ 5-րդ կարգի փոթորիկ, սակայն ցամաք հասնելիս այն արդեն երրորդ կարգի էր, այժմ էլ ավելի է թուլացել՝ հասնելով 1 -ին կարգի, սակայն դեռ զգալի վտանգ է ներկայացնում: Գիշերվանից հետո այժմ այն հեռանում է և ըստ մասնագետների, հավանաբար կկորցնի իր ուժը Ատլանտյան օվկիանոս մտնելով:
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը նշել է, որ թեև փոթորիկը թուլանում են, բայց սպառնալիքը չի նվազում, փոթորկի հեռանալուց հետո ուժեղ անձրևներն ու քամիները շարունակվելու են, հեղեղումները ևս:
Մասնագետները կանխատեսում էին, որ փոթորկի կենտրոնը կլինի Տամպա Բեյի տարածքում, որտեղ ապրում է մոտ երեք միլիոն մարդ: Սակայն վերջին պահին «Միլթոն»-ը փոքր - ինչ փոխել է ուղղությունն, արդյունքում էպիկենտրոնն անցել է Սիեստա Քի քաղաքով, որտեղ մոտ 5500 մարդ է ապրում։
Առայժմ Ֆլորիդայի իշխանությունները հայտնում են առնվազն 4 զոհի մասին, հարյուրավոր տներ վնասվել են: Նահանգում ավելի քան 3 միլիոն տներ և ձեռնարկություններ հոսանքազրկվել են:
Տամպան, սակայն, շարունակում է ամենատուժած հատվածը մնալ, այդ քաղաքից կես ժամ հեռավորությամբ գտնվող Սանկտ Պետերբուրգ քաղաքում երկու ժամում 41 սանտիմետր անձրև է տեղացել, ինչը հսկայական քանակություն է, համեմատության համար նշեմ, որ Հայաստանում, օրինակ, տարեկան միջինում 50 սանտիմետր տեղումներ են գրանցվում:
Փոթորիկը պոկել - տարել է Սանկտ Պետերբուրգում գտնվող բեյսբոլի մարզադաշտի գմբեթանման տանիքը, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ 42 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտը օգտագործվում էր իբրև փրկարարների ապաստարան, հաղորդվում է, որ վնասված տանիքի հետևանքով տուժածներ չկան:
Վնասվել է նաև «Տամպա Բեյ Թայմս» թերթի խմբագրության շենքը, որի վրա քամուց շինարարական աշտարակն է շրջվել:
Ֆլորիդայի նախագնապետ Դեսանտիսը հայտարարել է, որ հնարավոր է եղել խուսափել կանխատեսվող վատթարագույն սցենարից, վնասները ամենահոռետեսական կանախատեսումներից ավելի քիչ են:
Մինչև փոթորիկի Ֆլորիդա հասնելը աղետի գոտուց մոտ երկու միլիոն մարդ էր տարհանվել։ Այս տարհանումն ամենամեծն էր նահանգի պատմության մեջ։
Բայդենը հետաձգել է Գերմանիա կատարելիք այցը
Հաշվի առնելով «Միլթոն» փոթորկի կանխատեսվող ուղղությունն ու հզորությունը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է հոկտեմբերի 12-ին Գերմանիա կատարելիք այցը՝ վերահսկելու փոթորկին արձագանքելու համար իրականացվող աշխատանքները։ Երեկ Բայդենը նաև հորդորել Էր ֆլորիդացիներին հետևել անվտանգության ուղեցույցներին:
«Միլթոն»-ը դեռ անհավատալի կործանարար ուժ ունի, կարող է սրբել - տանել համայնքները, հանգեցնելով մահերի: Այսպիսով, ես կոչ եմ անում բոլորին, ովքեր գտնվում են փոթորկի ճանապարհին, լսել տեղական պաշտոնյաներին և հետևել անվտանգության բոլոր հրահանգներին: Այս պահին տարհանումը, հավանաբար, դժվար է, այդ պատճառով ես խրախուսում եմ մարդկանց ավելի ապահով ապաստան փնտրել: Երբեմն ընդամենը մի քանի մղոն հեռանալը կարող է լինել կյանքի և մահվան տարբերությունը», - նշել է Բայդենը։
Քանի դեռ Ֆլորիդայում մինչև փոթորիկի ափ հասնելը մարդիկ լքում էին վտանգավոր հատվածները, մասնագետները հակառակը՝ փոքրիկ ինքնաթիռով հոկտեմբերի 7 -ին թռել են հենց փոթորկի մեջ՝ ներսից տվյալներ հավաքելու համար: Մասնագետների այդ խմբին կոչում են «Փոթորիկ որսացողներ», նրանց հավաքած տվյալներն օգնում են ավելի լավ պատկերացում կազմել ծովային փոթորիկների մասին և պլանավորել աղետների կանխարգելումը: