Ֆինանսների նախարարը բյուջեն խնամքով ծախսելու կոչ արեց

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 12-ը նոյեմբերի, 2024թ.

Խնամքով ծախսել

Հայաստանի գլխավոր ֆինանսիստն այսօր խորհրդարանի ամբիոնից բյուջեն խնամքով ծախսելու կոչ արեց:

Հաջորդ տարվա հիմնական ֆինանսական փաստաթուղթը ներկայացնելիս Վահե Հովհաննիսյանը, ըստ էության, ընդունեց՝ տնտեսության աճի երբեմնի բարձր տեմպերը նվազել են, ուստի կպակասեն նաև եկամուտները: Հենց այս փոփոխությունների պայմաններում էլ ֆինանսների նախարարը կարևորեց հարկերը խնամքով ծախսելն ու ստվերի դեմ շարունակական պայքարը:

Խնայողությունների ռեժիմի անցնելու առաջին քայլն, ըստ նախարարի, արդեն արված է. - «Միայն այն, որ 25թ. կառավարությունը կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը, արդեն իսկ վկայում է, որ չենք խուսափում մեր հարմարավետության գոտուց, և առաջին հերթին ինքներս մեզ ենք արդյուավետության և արտադրողականության բարձրացման հայտ ներկայացնում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետությունը բարեկեցություն ապահովելու գործիք է». Փաշինյանը 2025-ի բյուջեի քննարկմանը խոսեց առանց թվերի

2025-ի բյուջեով էականորեն ավելանում են միայն ռազմական ծախսերը։ Պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի շուրջ 20 տոկոսով ավելի շատ գումար կստանա:

Փաստորեն նախարարը խոստովանում է, որ մինչև այժմ խնայողաբար չեն ծախսել. ընդդիմություն

Ֆինանսական ոլորտի պատասխանատուն հայտարարեց՝ կառավարության առաջնահերթությունը տնտեսական և անվտանգային դիմադրողականության բարձրացումն է: Ընդդիմությունը սա բավարար չհամարեց, հատկապես որ խնայողության անցնելու հայտարարություններին զուգահեռ ոստիկանության ծախսերն, օրինակ, չեն պակասել: Ներքին գործերի նախարարության 2025-ի բյուջեն 105 միլիարդ դրամ է, մինչդեռ այս տարվանն 90 միլիարդ է։

«Փաստորեն ինքը խոստովանում է, որ մինչև այժմ խնայողաբար չեն ծախսել, արդյունավետ չեն ծախսել։ Հիմա նոր, երբ գումարը պակասում է, որոշում են արդյունավետ ծախսել», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։

Կառավարությունը 2025 -ին ծրագրում է 5.6 տոկոս տնտեսական աճ, այս տարվա ակնկալիքը 5.8 տոկոս է, մինչդեռ 2022-ին տնտեսական աճը կազմել է 12, իսկ 23-ին՝ 8.7 տոկոս:

Արթուր Խաչատրյանն ասաց՝ իշխանությունը վերջապես ընդունեց, որ 2022-23 թվականների աճի տեմպերը պայմանավորված էին ոչ թե իրենց տնտեսական քաղաքականությամբ, այլ ռուսական գործոնով:
Իսկ այժմ, երբ իրավիճակը փոխվում է, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, տնտեսությունը վերադառնում է 5-5.5 տոկոսի միջակայք:

«Դեռևս 21թ. իրենք ժողովրդին խաբել են, Քաջ Նազարի բախտն է, իսկ ծրագրի մեջ 7 տոկոս է, ուղղակի սուտ է, երկնքից վերցված թիվ էր։ Հիմա դա մենք չենք տեսնում, այդ ամեն ինչը վերանում է, որովհետև այս իշխանությունները չկարողացան նույնիսկ կապիտալիզացնել այդ դրական ազդակները», - վստահ է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլար

Ընդդիմությունը դեռ չի ասում՝ ինչպես է քվեարկելու

Կառավարության 2021-2026 թվականի ծրագրով իշխանությունը տարեկան միջինում 7 տոկոս աճ է խոստացել, ընդ որում՝ դեռ անցած դեկտեմբերին վարչապետը վստահեցնում էր՝ թիրախում շարունակում է մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը: Փաշինյանը սեփական վերլուծությունն էր անում և պնդում՝ 2024-ին 7 տոկոս աճ ապահովելու համար գործադիրի ունեցած գործիքները բավարար են: Չնայած հակառակ պատկերին՝ ֆինանսների նախարարն այսօր նշեց, թե աճի տեմպերը բարձր են, նույնիսկ նոր խոստում տվեց, թե «տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը»։

Արթուր Խաչատրյանը հակադարձում է՝ անիրատեսական ծրագրերի և պարտքով ապրելու մասին է այս կառավարության բյուջեն: Համապետական հերթական ընտրություններից մեկուկես տարի առաջ, մինչդեռ, ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ հստակ ծրագրել են հաջորդ տարի կոնսոլիդացնել ուժերը կառավարության ծրագրի էական առաջընթացի համար:

«Եթե արտահերթ ընտրություններ չլինեն 25թ., ապա սա նախընտրական ծրագիր է, նախընտրական տարի է, և հաշվի առնելով դա՝ մենք կտեսնենք ավելի շատ ոչ թե պետության երկարաժամկետ կարիքների բավարարմանը միտված ծախսեր, այլ պոպուլիստական ծախսեր», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։

Ընդդիմությունից պնդում են՝ իշխանությունը ձախողել է ոչ միայն կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասը, այլ նաև տնտեսականը, բայց թե ինչպես կքվեարկեն հաջորդ տարվա բյուջեի նախագծին, դեռ չեն ասում:

Ամբողջական տարբերակը՝ տեսանյութում.