Ֆիցոն գազի տարանցման հարցով Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ

Ֆիցոն Պուտինի հետ հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, 22-ը դեկտեմբերի, 2024թ․

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կիրակի օրը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպումից հետո Ֆիցոն Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ աշխատանքային այցը Մոսկվա արձագանքն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով հայտարարել է, թե մտադիր է հունվարի 1-ից դադարեցնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Սլովակիա։

Չնայած պատերազմին, Մոսկվան շարունակում է Ուկրաինայով գազ մատակարարել դեպի Եվրոպա՝ 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում: Կիևն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու այդ համաձայնագիրը, երբ այն ավարտվի 2024 թվականի վերջին։ 2023 թվականին Սլովակիան իր գազի 69 տոոկսը ստացել է Ռուսաստանից:

«Պուտինը հաստատել է Արևմուտք և Սլովակիա գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը, սակայն դա գործնականում անհնար է 2025 թվականի հունվարի 1-ից՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը», - գրել է Ֆիցոն՝ նշելով, որ Պուտինի հետ երկարատև զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի, պատերազմի շուտափույթ ավարտի հնարավորության, ինչպես նաև Սլովակիայի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների շուրջ։

Ռուսական կողմը հանդիպումից մանրամասներ չի հաղորդում։ Կրեմլը միայն նշում է, որ Մոսկվայում կայացել է Պուտին-Ֆիցո հանդիպում։ Հանդիպմանը ներկա է եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը և որ Սլովակիայի վարչապետն աշխատանքային այցով է Մոսկվայում։

Կրեմլը հանդիպումից լուսանկար է հրապարակել, 22-ը դեկտեմբերի, 2024թ․

Ֆիցոն հայտարարում է, որ Ուկրաինայում անհապաղ խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Նա ձեռնպահ է մնում Մոսկվային քննադատելուց՝ Ուկրաինա ներխուժման համար, փոխարենը քննադատում է Կիևին՝ նրան մեղադրելով «պատերազմը շարունակելու ցանկության» համար։

Օրերս նա հայտարարեց, որ Զելենսկին իբր Սլովակիային առաջարկել է 500 միլիոն եվրո սառեցված ռուսական ակտիվներից, եթե Սլովակիան համաձայնի Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ։

Ավելի վաղ Ֆիցոն խոստացել էր կանխել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի դեռ ինքը մնում է երկրի կառավարության ղեկին:

Անցյալ տարեվերջին Ֆիցոյի իշխանության գալուց հետո Սլովակիան հրաժարվեց Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սլովակիան երաշխիքներ է պահանջում Ուկրաինայից տրամադրվող գումարների յուրացումը բացառելու համար