Եվրախորհրդարանը քննարկել է Ադրբեջանում իրավիճակը, հարաբերությունները Հայաստանի հետ. Բաքուն արձագանքում է

COP 29-ը լավ առիթ է Բաքվի համար՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու, բացառելու մարդու իրավունքների ոտնահարումը։ Եվրախորհրդարանում երեկ ուշ երեկոյան քննարկում էին Ադրբեջանում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումները, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։

«COP 29-ը խաղաղության պատմական հնարավորություն է։ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտության հաղթահարմանը։ Գագաթնաժողովը պատմական հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի համար աշխարհին ցույց տալ իրենց հավատարմությունը խաղաղությանը և քաղաքական կամք դրսևորել խաղաղության պայմանագիրը կնքելու համար», - ասել է Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդը:

Նիկոլաս Շմիդն իր խոսքը սկսեց կլիմայական գլոբալ խնդիրներին նվիրված միջոցառումը հիշատակելով, որին մասնակցելու են աշխարհի առաջնորդները։ Ընդգծեց՝ COP 29-ը նաև աշխարհի ուշադրությունը կհրավիրի հյուրընկալող երկրի վրա, որտեղ այսօր մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքեր կան։

«Մեր քննարկումը ճիշտ ժամանակին է։ COP 29-ը Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորություն է ցույց տալ իրենց հավատարմությունը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին», - նշել է նա։

Չուշացավ Ադրբեջանի արձագանքը. պաշտոնական Բաքուն կտրականապես մերժել է Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդի երեկվա հայտարարությունները՝ դրանք որակելով «անընդունելի, անհիմն ու կողմնակալ»։

Բանաձևում ընդարձակ անդրադարձ կա հայ-ադրբեջանական հարաբերություններին

Հրապարակած բանաձևով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է պատժամիջոցներ սահմանելու իր կոչը՝ մարդու իրավունքների լրջագույն խախտումներ թույլ տված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով կալանավորվածներին, դադարեցնել բռնաճնշումների բոլոր ձևերը՝ ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Բանաձևում ընդարձակ անդրադարձ կա հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ընդգծելով աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ եվրոպացի պատգամավորները վերահաստատում են իրենց պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Բանաձևում կա նաև կոչ անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ մինչև COP 29-ը, կա նաև նախազգուշացնում Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության վրա։

Բանաձևը քվեարկության կդրվի վաղը, սակայն մինչև այդ ուշ երեկոյան ավելի քան 3 տասնյակ ելույթներ երեկ հնչեցին։ Պատգամավորներից ոմանք բավականին կոշտ էին արտահայտվում։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անգամ առաջարկեց բոյկոտել COP 29-ը։

«Թույլ տվեք խոսել նաև 100 հազար հայերի մասին, որոնք ադրբեջանական հարձակման հետևանքով էթնիկ զտման ենթարկվեցին։ Հայկական ժառանգությունն այսօր ոչնչացվում է։ Մենք պետք է բոյկոտենք Բաքվում կայանալիք COP 29 համաժողովը», - ասել է Լուազոն։

Ֆրանսիացի պատգամավորներ Քսավյե Բելամին ու Ջորդան Բարդելա, դատապարտեցին Ադրբեջանի նախորդ հարձակումները շեշտեցին։

Չշրջանցվեց նաև գազի թեման

Չշրջանցվեց նաև գազի թեման, որ Եվրամիությունը ստանում է Ադրբեջանից. - «Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք Ալիևի ռեժիմին։ Մեր ժողովրդավարությունը պետք է պաշտպանի Հայաստանին»:

«Դա շատ ավելի կարևոր է, քան Ալիևի գազը», - ասաց պատգամավորներից մեկը:

Կիպրոսը ներկայացնող 2 պատգամավոր՝ Գրիոգրոս Ջեորջին ու Լուկաս Փուրլասն էլ մեջբերելով Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերը՝ «վստահելի գործընկեր Ալիևի» մասին, ընդգծեցին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ալիևին պետք է հիշեցներ նաև իր պարտավորությունների մասին։

Էլ ավելի կոշտ էր Սլովակիայի ներկայացուցիչ Միրիամ Լեքսամի խոսքը. - «Ի վերջո մենք պետք է նվազեցնենք էներգետիկ կախվածությունը, դադարենք գնել ռուսական գազը, որ Ալիևը Եվրոպա է ուղարկում։ Նաև ժամանակն է, որ կառավարությունները, այդ թվում՝ իմ երկի՝ Սոլավկայի ղեկավարությունը, դադարեցնեն զենքի վաճառքը, որով Բաքուն սպառնում է Հայաստանին»։

Ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով էներգետիկայի ոլորտում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը և հրաժարվել Բաքվի հետ ապագայում որևէ համաձայնագրից, քանի դեռ այդ երկրում չեն ազատի քաղբանտարկյալներին և չեն բարելավի իրավիճակը մարդու իրավունքների խնդրում:

Խորհրդարանի բանաձևերը պարտադիր ուժ չունեն և միայն խորհրդատվական բնույթի են։