Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Ադրբեջանում իրավիճակը, Հայաստանի հետ հարաբերությունները

Եվրախորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Ադրբեջանում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներն, ինչպես նաև
հարաբերությունները Հայաստանի հետ։

Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջի, այս հարցով քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

Խորհրդարանի բանաձևերը պարտադիր կատարման ուժ չունեն և միայն խորհրդատվական բնույթի են։

Դեռ այս տարվա մարտին Եվրախորհրդարանն գործադիր իշխանությանն առաջարկել էր դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը և կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցել Հայաստանին իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս ընդարձակելու և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։

Իսկ ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով էներգետիկայի ոլորտում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը և հրաժարվել Բաքվի հետ ապագայում որևէ համաձայնագրից, քանի դեռ այդ երկրում չեն ազատի քաղբանտարկյալներին և չեն բարելավի իրավիճակը մարդու իրավունքների խնդրում:

Ավելի վաղ էլ Եվրամիության օրենսդիր մարմինը բանաձև էր ընդունել, որում դատապարտել և կոշտ քննադատություն էր հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով բանաձևը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ. Ալիև