Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որում հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումները ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ Եվրամիությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որ պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։
Բանաձևի տեքստում հիշատակվում են նաև հայ ռազմագերիները, նշվում է, որ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, ինչպես նաև «23 հայ ռազմագերի, այդ թվում՝ նախկին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարները»:
Ըստ բանաձևի՝ Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է ադրբեջանական ռեժիմի կողմից մարդու իրավունքների, խոսքի և խաղաղ հավաքների ազատության շարունակական խախտումները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով արդարադատության համակարգի չարաշահումները։
Եվրոպացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին «անհապաղ դադարեցնել այլախոհների նկատմամբ բռնաճնշումները և անվերապահորեն ազատել բոլոր իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքական և այլ ակտիվիստներին, որոնք հետապնդվում են շինծու, քաղաքական մեղադրանքներով»։
Եվրոպական խորհրդարանը բանաձևում նաև պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան գործընկերության ցանկացած համաձայնագիր, ներառյալ էներգետիկայի վերաբերյալ համաձայնագրերը, պետք է որպես պայման ունենան Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների հարգումն և բոլոր քաղբանտարկյալների ազատումը։ Եվրոպացի պատգամավորները բանաձևում Եվրոպական հանձնաժողովին կոչ են անում կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022 թվականին կնքված փոխըմբռնման հուշագիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանը քննարկել է Ադրբեջանում իրավիճակը, հարաբերությունները Հայաստանի հետ. Բաքուն արձագանքում է