Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը, հայտնում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Ըստ Եղոյանի՝ այն անդրադառնում է Ադրբեջանում առկա և միջազգային հարաբերություններում այդ պետության կողմից ստեղծված բոլոր հիմնական խնդիրներին:
Հրապարակած բանաձևով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է պատժամիջոցներ սահմանելու իր կոչը՝ մարդու իրավունքների լրջագույն խախտումներ թույլ տված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով կալանավորվածներին, դադարեցնել բռնաճնշումների բոլոր ձևերը՝ ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Բանաձևում ընդարձակ անդրադարձ կա հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ընդգծելով աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ եվրոպացի պատգամավորները վերահաստատում են իրենց պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Բանաձևն, ըստ Եղոյանի, «արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում»:
«Իր աջակցությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) գործունեությանը և ընդգծում նրա կարևոր դերը: Վերահաստատում է իր մտահոգությունը՝ կապված EUMA-ի դեմ Ադրբեջանից զրպարտչական արշավների հետ. կոչ է անում EUMA-ին շարունակել ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին, ինչպես նաև՝ կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին ուժեղացնել EUMA-ի մանդատը, մեծացնել դրա չափը և երկարացնել դրա տևողությունը», - նշել է Եղոյանը:
Խորհրդարանի բանաձևերը պարտադիր ուժ չունեն և միայն խորհրդատվական բնույթի են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանը քննարկել է Ադրբեջանում իրավիճակը, հարաբերությունները Հայաստանի հետ. Բաքուն արձագանքում է