Ներգաղթի պատճառով Եվրոպայում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: 2007 թ-ի Լիսաբոնի համաձայնագրի 78-րդ հոդվածը թույլ է տալիս ԵՄ-ի բոլոր երկրների միասնական կատարմանը ենթակա համապատասխան ընթացակարգային միջոցներ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում, որոնք ընդգրկում են երրորդ երկրների քաղաքացիների անսպասելի զանգվածային ներհոսքը: ԵՄ-ի գոյության ընթացքում նման արտակարգ միջոցներ առաջին անգամ են կիրառվում:
Ծրագրվում է 40,000 գաղթականներին, ըստ երկրների չափաբաժինների, վերաբաշխել տարբեր եվրոպական երկրներով՝ այդպիսով թեթևացնելով Հունաստանի ու Իտալիայի բեռը:
Իտալիայում կենտրոնացած է 24, իսկ Հունաստանում՝ 16 հազար փախստական: Սակայն եվրոպական պաշտոնյաները միջոցներ են փնտրում տարանջատելու տնտեսական ներգաղթողներին` պատերազմի ու ավերածությունների պատճառով իրենց երկրներից հեռացած փախստականներից: Վերջինները, ըստ միջազգային օրենքների, իրավասու են ապաստան խնդրել ԵՄ-ում և ստանալ այն քաղաքական ու մարդասիրական նկատառումներով:
Ըստ նոր ծրագրի նախատեսվում է նաև ԵՄ-ի տարածք տեղափոխել Թուրքիայի, Հորդանանի ու Լիբանանի ճամբարներում գտնվող 20,000 սիրիացի փախստականների:
Գերմանիան ու Ֆրանսիան միասին պետք է ընդունեն վերաբաշխման ենթակա բոլոր մարդկանց 30 տոկոսին: Մնացած գաղթականները պետք է բաշխվեն ԵՄ-ի մյուս երկրներում: Սակայն Իսպանիայում 23 տոկոս գործազրկություն կա ու արդեն այնտեղ գտնվող ապօրինի ներգաղթյալների հոծ զանգվածների հետ կապված մեծ խնդիրներ կան։ Ուստի Իսպանիան դժգոհ է իր չափաբաժնից: Այդ առումով իր կարծիքը անտեսված է համարում նաև Բուլղարիան: Լեհաստանի վարչապետը նույնպես ընդդիմացել է բաշխման չափաբաժիններին և ընդգծել, որ ԵՄ-ի անդամ երկրները իրենք պետք է որոշեն իրենց անելիքը և չափաբաժինը:
Եվրոպական հանձնաժողովը մտադիր է լուծել գաղթականության խնդիրը՝ իր բոլոր բաղադրիչներով հանդերձ: Բոլորը համաձայն են, որ այս խնդրին պետք է շուտափույթ լուծում տալ, բայց «ինչպես դա անել» հարցը դեռևս մնում է առկախված: