«Եթե ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվություն»․ Փաշինյանը զգուշացրեց կառավարության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո, եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն», - կառավարության անդամներին այսօր զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով, մասնավորապես, տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանի վրա։

Պատճառն Արմավիրի մարզի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզի հարցն էր, որը պետք է շահագործման հանձնվեր դեռևս հոկտեմբերին։ Սակայն, նախարարը զեկուցեց, որ մանկապարտեզը դեռ չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։

Տարածքային կառավարման նորանշանակ նախարարը Արմավիրի նախկին մարզպետն էր։

«Որ գալիս ենք այցի, մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առջև, ասել եմ՝ երբ է բացվում։ Ասել եք հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա չստացվե՞ց, որ ես սուտ ասեցի, ստացվեց։ Զգուշացնում եմ՝ որևէ մեկը ինձ չասի մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված չէ, ամենափոքր բանն անգամ։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը, հանրապետության ժողովուրդը կարա ասի՝ վարչապետը սուտ ասեց», - ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Ի դեպ, կառավարության անցած նիստում հենց նույնանման խնդրի պատաճառով էր վարչապետը դժգոհել տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանից։ Այդ նիստից հետո Սանոսյանը պաշտոնանկ արվեց։

Թե որն էր Գնել Սանոսյանի պաշտոնանկության դրդապատճառը, պաշտոնական բացատրություն չի հնչել, սակայն կառավարության անցած նիստում Փաշինյանը խոսեց Արմավիրից դեպի Գյումրի ճանապարհի՝ կոնկրետ Բայանդուրի հատվածի կառուցման մասին։ Առանց անուն տալու՝ վարչապետն ասաց՝ իրեն զեկուցել էին, թե ճանապարհն արդեն պատրաստ է, ինքն էլ ճանապարհի մեկ այլ հատվածից լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որից հետո քաղաքացիներն իրեն մեղադրել են սուտ խոսելու մեջ, քանի որ Բայանդուրի ճանապարհը դեռ կառուցված չի եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6 հրաժարական՝ մեկ օրում. գրեթե ողջ ուժային բլոկն՝ առանց ղեկավարների

Առավել մանրամասն տես այստեղ