Եթե Սարգիս Գալստյանը լրտես է կամ պետական դավաճան, որն է երկրորդ ապացույցը. Փաստաբան

Լրտեսության համար մեղադրվող արցախցի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանի գործի նախաքննությունն ավարտվել է։ Արցախի հայաթափումից հետո ամիսներ շարունակ Սարգիս Գալստյանն ապրում էր Ստեփանակերտում։ Երեք ամիս առաջ է Հայաստան տեղափոխվել ու կալանավորվել։

«Եթե նա Ադրբեջանին ծառայություն մատուցած էր, ապա Ադրբեջանը վստահաբար նրան ապաստան կտար Ստեփանակերտում, բայց այնտեղ էլ եղել են սպառնալիքներ», - ասաց Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Սարգիս Գալստյանը 2018-ից 2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ըստ Քննչականի՝ 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար

«Լավ, եթե Սարգիս Գալստյանը պետական դավաճան էր կամ լրտես, ապա ո՞րն է երկրորդ ապացույցը: Առաջինն ասում ենք, ընդունենք իր ցուցմունքներն են, որից նա հիմա հրաժարվում է», - նշեց փաստաբանը:

Քննչականի փոխանցմամբ՝ 2020-2023 թվականների ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախի բնակչության, Արցախի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ։ Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է՝ Քննչական կոմիտեն մեղադրանքը հիմնավորելու այլ փաստեր չունի, բացի Գալստյանի ինքնախոստովանական ցուցմունքից, որն ըստ պաշտպանի՝ սպառնալիքների ներքո է տվել ու հետագայում էլ հրաժարվել դրանից։

«Սարգիս Գալստյանը երբ որ մտել է Հայաստանի Հանրապետություն, հաղորդում է ներկայացրել, որ՝ «ես պետական դավաճան եմ, խնդրում եմ, իմ հանդեպ մեղմ վարվեք», հետագայում իմ ներգրավումից հետո ցուցմունքները փոխվել են։ Սարգիս Գալստյանը խոսել է իր նկատմամբ ճնշումների մասին», - ասաց նա:

Ըստ պաշտպան Կոչուբաևի՝ քննչական մարմինը Սարգիս Գալստյանի ու ադրբեջանցիների կապի փաստը համարում է կարճատև՝ մի քանի վայրկյանի տևողությամբ հեռախոսազրույցները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաստաբանի պնդմամբ՝ Սարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունք է տվել սպառնալիքների ներքո, ՔԿ-ն հերքում է

«Ադրբեջանցիներն Արցախի բնակչությանը զանգահարել են, ծաղրել են, հեգնել են, ասել են՝ ձեր տունը վաճառեք մենք առնենք և այլն: Սարգիս Գալստյանն էլ էդ մարդկանցից մեկն է: Տևողությունն էլ պետք է դիտարկել՝ մեկ վայրկյան, երկու վայրկյան, հինգ վայրկյան, տասը վայրկյան», - ընդգծեց փաստաբանը:

Տելեգրամյան ալիքը, որով Գալստյանը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից, ըստ Կոչուբաևի, տեղահանված արցախցիներն են բացել և չի բացառում, որ նաև ադրբեջանցի լինի այդտեղ. - «Այնտեղ գեներացրել են բացառապես արցախցիների խնդրանքով իրենց հարազատների գերեզմանների նկարները: Նպատակ չի եղել տեղեկություն հավաքագրել ու փոխանցել»:

Գալստյանի վերաբերյալ տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքուն նրան Ստեփանակերտի պարետ է նշանակել։ Այս լուրերը, սակայն, չհաստատվեցին, Ալիևը ադրբեջանցու նշանակեց Ստեփանակերտի պարետ։ Այդուհանդերձ, ըստ Քննչականի, Արցախի հայաթափումից հետո Սարգիս Գալստյանը օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցից պաշտոնի առաջարկ է ստացել ու կնոջ հետ միասին մնացել Ստեփանակերտում, իրենց հասանելի տեղեկությունները փոխանցել են Ադրբեջանին։ Գալստյանի կինը, որ ամբողջ ընթացքում ամուսնու հետ էր, ազատության մեջ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախում մնացած Սարգիս Գալստյանը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել, Բաքուն նման պահանջ չի դնում. Դավիթ Գալստյան

Ինչո՞ւ է Գալստյանը կնոջ հետ Ստեփանակերտում մնացել

Իսկ ինչո՞ւ է Սարգիս Գալստյանը կնոջ հետ Ստեփանակերտում մնացել, երբ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողությանն էր անցել։ 60 Հոգու հետ Գալստյանն էլ դիմել էր Ադրբեջանի միգրացիոն ծառայություն կեցության կարգավիճակի համար։ Նրա պաշտպանի մեկնաբանմամբ՝ հավատացել է Ադրբեջանի այն վստահեցումներին, թե ովքեր ցանկանում են, կարող են մնալ Ստեփանակերտում. - «Պետք է, չէ՞, ինչ-որ մեկը ամենավերջում դուրս գար Արցախից, հիմա Գալստյանն է այդ վերջին մարդը»։

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի լուծարումից հետո Սամվել Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ի՞նչ նպատակով էր սա արել, երբ Արցախը լքում էին հայերը. - «Նշանակվել էր պաշտոնի մեկ պարզ պատճառով, որպեսզի ունենար պաշտոնյայի կարգավիճակ և Ադրբեջանի հետ որոշակի որոշ հարցերի շուրջ բանակցություն վարելու մանդատ ունենար»:

Լրտեսության այս գործով վկայի կարգավիճակում է Սամվել Շահրամանյանը։ Նա առերեսվել է Սարգիս Գալստյանի հետ։ Պատերազմից հետո Գալստյանը կապվել է ռուս սահմանապահների հետ ու Շուշի է բարձրացել մշակութային արժեքավոր նմուշները Հայաստան տեղափոխելու համար։ Առերեսման ժամանակ հենց այս հարցն է եղել։ Շահրամանյանը տեղյա՞կ է եղել, որ նա Շուշի է մեկնել, ինչը Ադրբեջանի վերահսկողության տակ էր 44-օրյա պատերազմից հետո։

«Իրենք ասում են՝ ինքը Շուշի բարձրացել է, որպեսզի տեղում ծանոթանա զորաշարժին, այդ թվում նաև ռուս սահմանապահների դիրքավորման մասին, տեղեկություններ հավաքագրի, բայց Գալստյանի ցուցմունքները չեն հերքել, համենայնդեպս, իսկ պարոն Շահրամանյանը չի ասել՝ ինձ չի զեկուցվել, ասել է՝ հնարավոր է՝ ասել է, ես չեմ հիշում», - նշեց փաստաբանը:

Եթե լրտեսության մեղադրանքը հաստատվի, Սարգիս Գալստյանին սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։