Նախկին նախագահների թիմերը շարունակում են պնդել՝ Փաշինյանն է կործանել Արցախը. վարչապետը նրանց բանավեճի է հրավիրում

1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան

1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, այսօր Ֆեյսբուքում պնդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վեց տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն այդ մասին բաց տեքստով հայտարարում է վերջին մեկուկես տարում: Մինչ այդ կառավարության ղեկավարը Պրահայում ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո արդեն ուղիղ հայտարարել, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսօր Փաշինյանը կրկին նշել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս չէր կարող լինել. «Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»։

Որևէ տարբերակ, որը քննարկվել է, շատ ավելի լավ է եղել, քան այսօրվա վիճակը. ընդդիմադիր պատգամավոր

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ ՝ խեղաթյուրում է բանակցային գործընթացը, գիտակցում է, որ գոնե հանրության համար Արցախի էջը փակված չէ, և շարունակում է մարդկանց համոզել, թե ինքը մեղավոր չէ:

«Որևէ տարբերակ, որը քննարկվել է, դրված է եղել սեղանին, սկսած 91 թվականի Ժելեզնովոդսկից, շատ ավելի լավ է եղել, քան թե այն վիճակը, որ մենք ունենք այսօր։ Դա ինքը պետք է ֆիքսի։ Ինքը գիտակցում է, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Էթնիկ զտումը ցեղասպանության տեսակներից մեկն է։ Այնտեղ եղել է ցեղասպանություն, և ինքը՝ որպես Հայաստանի ղեկավար, պարտավոր էր դա կանխել, ինքը քայլ չի արել, հետևաբար ինքը պատասխանատվություն պետք է կրի իր անգործության համար», - ասաց պատգամավորը։

Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ տարում Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը, իսկ անցած տարի սեպտեմբերին Արցախի նկատմամբ երկրորդ լայնածավալ հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց և ամբողջությամբ անցավ Ադրբեջանին: Այսօրվա գրառմամբ վարչապետ Փաշինյանը պնդում է, թե ինքն այս տարիներին ընդամենը մեկ սխալ է թույլ տվել՝ 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթացել է, բայց հայրենասիրությունն իրեն թույլ չի տվել՝ նախ ինքն իրեն, հետո ժողովրդին խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս չի կարող լինել:

«Եթե ինքը գիտակցել է, որ վիճակը ծայրահեղ պայթյունավտանգ է, անընդհատ հղում են կատարում Սերժ Սարգսյանի ինչ-որ ելույթի, այդ դեպքում իր քաղաքականությամբ ինչո՞ւ էր պատերազմը մոտեցնում։ Ինքը մոտեցրել է պատերազմը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «նոր պատերազմ նոր տարածքների համար», ցուցադրական կերպով երրորդ հարավային ճանապարհի կառուցումը…», - նշեց Արթուր Խաչատրյանը։

Փաշինյանն ամեն առիթ օգտագործում է իր մեղավորությունը մաքրելու նպատակով. Լևոն Զուրաբյան

Նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից են պնդում, որ Փաշինյանի վարած քաղաքականությունն է հանգեցրել Արցախի կորստին։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մի դրվագ էլ հիշեցրեց՝ ինչպես էր Փաշինյանը 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ խոստովանում, որ հրաժարվել է իր նախորդների թողած բանակցային ժառանգությունից:

«Ամեն առիթ, հնարավորություն, ելույթ նա օգտագործում է իր Արցախի կործանման համար իր մեղավորությունը մաքրելու նպատակով», - «Ազատության» հետ զրույցում նկատեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակասություններ ղարաբաղյան խնդրի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններում

Կառավարության ղեկավարը պաշտոնավարումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ անգամ Արցախի նախագահի թեկնածուներին էր հորդորում քննադատել իր նախորդների թողած ժառանգությունը: Արցախյան երկրորդ պատերազմից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում էր, որ պատերազմը կարող էր կանխել, եթե վերադարձներ 7 շրջաններն՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի, բայց այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին։

ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ Փաշինյանը լավ գիտի, որ ինքն է Արցախի կործանման պատճառը, որքան էլ հրապարակային ելույթներում փորձի մարդկանց հակառակը համոզել. - «Մեր սպանված զինվորների արյունը իր ձեռքերի վրա է, նաև ամբողջ Արցախի կորուստը նույնպես իր խղճի վրա է։ Այս մեղավորությունը, պատասխանատվությունն իրեն հետապնդելու է իր կյանքի ամբողջ ընթացքում»։

Թե ինչո՞ւ է վարչապետն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո պարբերաբար նույն պնդումն անում, թե դա միակ լուծումն էր, Լևոն Զուրաբյանն ասաց. - «Ինքը այլ գործով իր կյանքում չի զբաղվելու, քան իր անունն այդ պատասխանատվությունից մաքրելու գործը»։

Հայաստանի նախկին երեք ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյանի գրասենյակներից այսօր միաձայն պնդեցին՝ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Քիչ առաջ նրանց պատասխանեց վարչապետը՝ հրավիրելով նախկին նախագահներին ուղիղ եթերում բանավեճի։ Սպասում է նրանց արձագանքին։