Եթե մենք ճանապարհը տրամադրում ենք ռուսներին, մեր ինքնուրույնությունը կորցնում ենք. Արամ Սարգսյան

«Եթե մենք այդ ճանապարհը տրամադրում ենք ռուսներին, մենք, որպես պետություն ու պետականություն մեր ինքնուրույնությունն ընդհանրապես կորցնում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Դա նշանակում է, որ դրանից հետո պիտի Հայաստանից դուրս գան բոլոր եվրադիտորդները, այսինքն, Ադրբեջանը, երբ ուզի սահմաններին ինչ ուզի անի, ուրիշներն էլ ասեն՝ դեռ սահմանները ճշտված չեն», - հավելեց նա։

Ռուսաստանը, Հայաստանը, ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը մանիպուլացնելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ Մոսկվան պնդում է, թե Հայաստանը պայմանավորվածություն է խախտել, հրաժարվել է համաձայնեցնել ռուս սահմանապահների կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը։

«Միջանցքի տարբերակ իրենք չունեն, որովհետև Լավրովը, նույն Ռուսաստանը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ այդ թղթում միջանցք գրված չկա, որ դա միջանցք չի, որ դա վերահսկողություն է, իրենք ուզում են այդ վերահսկողությունն անել», - ասում է Արամ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ դրան ի պատասխան վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են «խաղաղության խաչմերուկից», որում Ռուսաստանը չկա։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում.