Եթե Երևանը ցանկանում է ուղիղ պայմանավորվել Բաքվի հետ՝ ի սեր Աստծո․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ եթե Երևանը ցանկանում է Բաքվի հետ ուղիղ պայմանավորվել՝ ի սեր Աստծո։

«Ճիշտ նույն կերպ մենք հիմա անհանգստանում ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրեր նույնպես առկախված են։ Ահա ես հիշատակեցի տրանսպորտային կապերի վերսկսումը և նշեցի նաև եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր այդ հարցով և այն այժմ արդեն գրեթե չի հավաքվում։ Երևանը համարում է, որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե դա հաջողվի, ապա ի սեր Աստծո», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։

Լավրովը հավելել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցություն անցկացնի այդ գործընթացի մասնակիցների միջև, սակայն դա տեղի չի ունենում։

«Ոչ, չեն ուզում, և միաժամանակ ձգտում են անընդհատ Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին ներգրավել, որպեսզի նրանց հովանավորության տակ վերցվի ցանկացած գործընթաց։ Դա իրենց ընտրությունն է, բայց պայմանավորվել պետք է նախ և առաջ ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա», - ասել է Սերգեյ Լավրովը։

Լավրովը կրկին պնդել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանին կապող երթուղին վերականգնի՝ և՛ավտոմոբիլային, և՛ երկաթուղային, ու այդ երթուղին պետք է վերականգնվի ՌԴ սահմանապահ ուժերի անվտանգությամբ։

Շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ աշխատանքի երկկողմ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ նշելով. - «Քանի դեռ երկկողմ ձևաչափով կարողանում ենք առաջ ընթանալ, կարծում եմ ճիշտն այդ ձևաչափն է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոմունիկացիաները չեն բացվում նաև ՌԴ մի շարք գործընկերների մեկնաբանությունների պատճառով. Փաշինյան

Մանրամասները տե՛ս այստեղ