Պաշտոնական Երևանն իր դիրքորոշումը չի փոխել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը պարզաբանեց՝ Հայաստանն ուզում է, որ այդ ենթարկառուցվածքներն ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։
Իսկ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերը, ըստ ԱԺ փոխնախագահի, համաձայնություն ունեն և այդ համաձայնությունը, Ռուբինյանի խոսքով, ամրագրվել է Պրահայում, Սոչիում, Բրյուսելում, ինչպես նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում։
«Եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն խաղաղության պայմանագրում, խաղաղության պայմանագիրը կարելի է շատ արագ ստորագրել», - ասաց Ռուբինյանը։
Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, թե այդ բանակցություններից հետո Բաքվի հետ առանցքային հարցերի շուրջ առաջընթաց կլինի: Սակայն բանակցություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երևանի համար կարևոր երկու հարցերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու և տարածաշրջանի ապաշրջափակման սկզբունքների շուրջ դեռ համաձայնություն չկա:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է առանց ապաշրջափակման՝ խաղության պայմանագիր ստորագրել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ - «Տեսականորեն տարբեր սցենարներ կլինեն, չէի ուզենա հիմա մեկնաբանել»։
Երևանն ու Բաքուն երկու տարում խաղաղության պայմանագրի նախագծի 9 խմբագրություն են փոխանակել։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանի վերջին առաջարկը ստանալուց հետո ասաց, թե «ավելի քիչ հարցեր են բաց մնում», «որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»՝ առանց մանրամասներ փոխանցելու։
«Ազատության» հարցին, թե ի՞նչն է Բաքուն դրական համարում, Ռուբինյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարող ասել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց աշխատանքը շարունակվում էԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ խաղաղության պայմանագրում ներառել Ալմա-Աթայի հռչակագրին հղումը