Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնի, մի ժամում հատուկ կապով կարող են պայմանավորվել, թե որտեղ են ստորագրում խաղաղության պայմանագիրը, լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ Սիմոնյանի՝ միջազգային հանրությունն էլ է զարմացած, հարցնում են, թե ինչո՞ւ Բաքուն չի ուզում ստորագրել այդ պայմանագիրը:
«Միջազգային հանրությունը սպասում է, ասում է՝ «հարգելի՛ս, ի՞նչ եղավ այդ պայմանագիրը, ինչի՞ չեք կնքում այդ պայմանագիրը»: Արդեն անհասկանալի է Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային առումով: Միջազգային գործընկերների հետ բազմաթիվ հանդիպոպմներ եմ ունենում: Անկեղծ ասած, զարմացած նայում են, ասում են՝ «լավ, հասկացանք, որ էդ Սահմանադրության մասը մի քիչ ուռճացված է, կարո՞ղ է իմանաք՝ ի՞նչն է պատճառը», ինձ են հարցնում՝ «կարո՞ղ է ուրիշ բան կա, դեռ չեն ասում», - ասաց ԱԺ խոսնակը։
«Ազատության» հարցին, թե մինչև Բավում կայանալիք COP29-ը հնարավոր չէ՞ ստորագրել պայմանագիրը, Սիմոնյանը պատասխանեց․ - «Մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցով կապ հաստատել և ասել, որ «եկեք քննարկենք ստորագրման ձևաչափը և տեղը», և հայկական կողմը կստորագրի։ Եթե իրենք ուզում են COP29-ը վերածել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և գերիների ազատ արձակման մասին ելույթների և նման միջոցառման, դա ընտրության հարց է»:
«Գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում»
Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ կրկին առաջարակում եմ համաձայնեցված 16 կետերով ստորագրել պայմանագիրը, և կոչ են անում միջազգային հանրությանը խոսել սրա մասին Ադրբեջանի հետ:
«Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղաություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում, արդեն շատ վաղուց: Մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանգիրը, որ հարթակում կկնքենք: Միջազգային գործընկերներն արդեն հարթակներ են առաջարկում: Սա ևս մեսիջ է, որ միջազագային հանրությունը սպասում է», - ասաց ԱԺ խոսնակը։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը համաձայն է մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ․ Փաշինյան