Երվանդ Քոչարի միակ ինքնադիմանկարը կե՞ղծ է. որդին կասկածներ ունի

Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ինքնադիմանկարը կրքեր է բորբոքել. Քոչարի միակ ինքնանկարը կե՞ղծ է, որդին կասկածներ ունի: Այն քանդակագործի հոբելյանական ցուցադրության շրջանակում Քոչարի թանգարանից տեղափոխվել ու Ազգային պատկերասրահում է ցուցադրվում։

Ռուբեն Քոչարը պնդում է՝ նկարում փոքրիկ դետալներ կան, որոնց մասին հայրն է իրեն պատմել, իսկ թանգարանում և վարպետի կատալոգներում տպված ինքնանկարում դրանք չկան. խոսքը մեխերի անցքերի մասին է: Նկարված այդ անցքերը ինքնանկարի ամենաներքևի հատվածում են:

Թանգարանից Ազգային պատկերասրահ տեղափոխելուց հետո ինքնանկարի շրջանակը փոխվել է. պատկերասրահում շատ պարզ տեսանելի են վարպետությամբ նկարված անցքերը:

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի մասնագետները երեկ հրատապ քննության են ենթարկել այս գործը՝ Կրթության, մշակույթի նախարարության հանձնարարությամբ. - «Նկարի թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները և թե՛ ներկաշերտի քիմիական վերլուծությունը թույլ են տալիս փաստելու, որ գեղանկարը միանշանակ պատկանում է Երվանդ Քոչարի վրձնին»:

Փորձագիտական կենտրոնի տնօրեն Էսթեր Աբրահամյանը շեշտում է՝ առանց այս ահազանգի էլ ցուցադրելուց առաջ բոլոր գործերի ինքնությունը ստուգել էին, լրացուցիչ քննությամբ էլ նույնն է հաստատվել՝ 1936 թվականին ստեղծված այս գործը կրում է իր ժամանակի բոլոր հետքերը, ներկանյութը, բնական փայտը կրում են տարիների փոփոխությունները, աշխատանքի հակառակ կողմում ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակն է. ինքնադիմանկարը բնօրինակն է:

Քոչարի որդին, սակայն, դեռ կասկածում է՝ թող իրեն նկարը ցույց տան առանց շրջանակի, որ հստակ համոզվի՝ հոր նկարած մեխերի անցքերը տեղում են։ Ի դեպ, թանգարանի էջում էլ այս գործը ներկայացված է առանց այդ անցքերի։

Երվանդ Քոչարի՝ տարածական գեղանկարչության հիմնադրի ժառանգության շուրջ սկանդալը, սակայն, առայժմ չի հանդարտվում։ Քոչարի կրտսեր որդին Քոչարի թանգարանը ղեկավարող եղբոր ընտանիքի անդամներին է մեղադրում հոր՝ իրեն պատկանող գործերը վաճառելու համար։

Թանգարանում պնդում են՝ բոլոր գործերը երկու եղբայրներինն են հավասար, և հինգ գործ, այո, վաճառվել է։ Այս թեմայով քրեական գործ էլ կա։

Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.