Երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված 24 գույքերը Գյումրիին վերադարձնելու պահանջը հասավ դատարան

Գյումրիի ավագանու նիստ, արխիվ

Գյումրիի համայնքապետարանն այսօր Վարչական դատարան է մուտքագրել երկու նախկին ազդեցիկ քաղաքապետերի օրոք օտարված 24 գույքերը համայնքին վերադարձնելու պահանջով դիմումը։ Դատարան դիմելու առաջարկն ավագանուն արել էր Գլխավոր դատախազությունը՝ հղում անելով Վճռաբեկ դատարանի մի որոշման, ըստ որի՝ նման դեպքերում առաջնային իրավունքը համայնքային իշխանությանն է տրված։

Այս գործընթացին հետևող իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը, սակայն, ասում է՝ այստեղ ավագանուն ներքաշելու անհրաժեշտություն չկար, Դատախազությունն ինքը կարող էր գործել։ Կարծում է՝ սա արվեց Գյումրիում իշխող «Բալասանյան» դաշինքին ստուգելու համար։ Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ սերտորեն առնչվող դաշինքն անցած շաբաթ արտահերթ նիստում անսպասելիորեն կողմ քվեարկեց Գյումրիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությանը։ Համայնքին պատկանող գույքի վիճահարույց օտարումներից երկուսն արել է հենց Սամվել Բալասանյանը։

«Բալասանյան» դաշինքը որոշեց, որ, առերեսման պահին, չնայած բազմաթիվ խնդիրներին՝ էդ որոշման հետ կապված, վերցրեց որոշեց կողմ քվեարկել, միանալ «Քաղաքացիական պայմանագրին», մոտավորապես՝ «Խչոն էլ խանչալ ունի, էլի, բան ե՞ք ասում՝ մենք պատրաստ ենք, սա էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանը:

Իրավապաշտպանը մի շարք տարօրինակություններ է նկատել այս գործընթացում։ Նախ՝ ավագանու անդամները ծանոթ չէին, թե նախկին քաղաքապետեր Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի օտարման ինչ որոշումների մասին է խոսքը, որ պետք է անվավեր ճանաչվեն։ Բարսեղյանը դիմել է քաղաքապետարան դրանք ստանալու համար, պարզվել է՝ համայնքապետարանը չի տնօրինում, արխիվ են հանձնել։ Հաջորդը վերաբերում է ավագանու որոշմանը. ասում է՝ քվեարկության դրվեցին ոչ թե առանձին-առանձին 24 գույքերի մասով որոշումները, այլ մեկ որոշմամբ հաստատվեց, ինչն իրավապաշտպանը սխալ է համարում։

«Էգուց-մյուս օր դատարանը, շատ հնարավոր է, որ այդ մեկ հայցը պատասխանողների պահանջով, նույնիսկ հայցվորների ներկայացուցիչների, մասնագիտացած իրավաբանների պահանջով բաժանվեն իրարից և դառնա 24 դատական գործ: Օբյեկտիվորեն սա ճիշտ և արդար կլինի, մանավանդ՝ դրանք վերաբերում են երկու տարբեր նախկին համայնքապետերի», - ընդգծեց Բարսեղյանը:

Մինչ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պնդում է, որ տարիներ առաջ ապօրինի օտարումներ են եղել, ու իրենք փորձում են Գյումրիի սեփականությունը, օրինակ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գորկու զբոսայգու մի մասը, Սև բերդին հարակից հողատարածքները քաղաքին վերադարձնել, իրավապաշտպանն այս նախաձեռնությունն արդեն ձախողված է համարում. Ասում է՝ հարուստ նախկին քաղաքապետերի համար դժվար չի լինի փաստաբանական խմբերի վարձել ու դատարաններում այնքան ձգձգել գործերի քննությունը, որ ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետներն անցնեն։ Խնդրահարույց օտարումները տեղի են ունեցել 2003-2018 թվականներին։

«Ցանկության դեպքում, եթե այդ երկու հոգին կամենան, երկու պատասխանողները այս հայցերով կամենան, էդ գործերը քանդելու են դարձնեն 24 դատական գործ, 24 դատական գործերը չլելու են 10-15 տարի: Այսինքն՝ սա էն գլխից, կարելի է ասել, էդ չլոցիով, քշտելու, հեռացնելու, «կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը կսատկի»՝ էս սխեմաների մեջ է տեղավորվելու: Սա հաստատ անցնելու է տեղական հաջորդ ընտրությունները, հաջորդ ընտրությունների վրա ազդելու է իր քաղաքական աղմուկով», - ընդգծեց Լևոն Բարսեղյանը:

Գյումրիի մոտ 6 միլիարդանոց բյուջեից նախնական 12 մլն դրամ է նախատեսվել դատական ծախսերի համար։ Եթե քննությունը ձգձգվի տարիներով, նաև համայնքի բեռը կավելանա։

«12, հետո էլի 12, հետո էլի 23, 24, հետո, չգիտեմ, 50 միլիոն՝ եսիմ ինչքան փող է ծախսելու համայնքապետարանը, որ տասնյակ տարի էդ դատերի հետևից գնա: Է Դատախազություն, քրեական հիմք կա՝ գնա քանդի», - ասաց իրավապաշտպանը:

Դատարանի հայցի մերժման կամ բավարարման ժամանակ էլ է ռիսկեր տեսնում Բարսեղյանը։ Օրինակ՝ եթե տարիներ առաջ ապօրինի օտարված գույքի ներկայիս սեփականատերը բարեխիղճ գնորդ է, ինչպե՞ս են այն ետ վերցնելու. - «Եթե Պողոսը բարեխիղճ գնորդ է, պիտի ասի՝ «հազար ներողություն, էն վճարածս փողերը չէ՝ ինդեքսացիաները, այժմյան շուկայական գնով էս գույքը, փողերը վերադարձրեք»: Ո՞վ պիտի վերադարձնի՝ պիտի վերադարձնի համայնքապետարանը, հետո՞ ինչ պիտի անի՝ հետո պիտի դիմի էն համայնքապետերին՝ համայնքապետերի դեմ հայցով, համայնքապետարանին հասցված, համայնքին հասցված վնասը փոխհատուցելու պահանջով, որովհետև ինքը փոխհատուցել է Պողոսի գնածի դիմաց»:

Ամիսներ առաջ «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիայից դուրս եկած ՔՊ-ն պատրաստվում է առաջիկա ընտրություններին՝ և՛ համապետական, և՛ տեղական։ Լևոն Բարսեղյանը դրանով է պայմանավորում ՔՊ-ի դատարան դիմելու նախաձեռնությունը, ինչպես նաև վերջերս ավագանու խմբակցությունում անդամների փոփոխությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիում նախկին կոալիցիոն ուժերը հավանություն տվեցին ՔՊ-ի նախաձեռնությանը օտարումների վերաբերյալՔՊ-ն Գյումրիի նախկին քաղաքապետերի օրոք օտարման որոշումները քննարկելու հարցով նիստ է հրավիրում